ՄԻԵԴ-ը ամբողջությամբ բավարարեց Փերինչեքի գործով ՀՀ պահանջները. դատախազություն

Prosecutor Գլխավոր դատախազությունը հանդես է եկել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով կայացված վճռի առնչությամբ հայտարարությամբ, որում նշում է, որ Հայաստանի կառավարության՝ Եվրոպական դատարան ներկայացրած բոլոր պահանջները բավարարվել են:

Մարդու իրվունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը այսօր հրապարակեց Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով վճիռը` սահմանելով, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը՝ խոսքի արտահայտման ազատությունը:

Դատախազությունը նշում է, որ Հայաստանի Հանրապետությունը, այդ գործին մասնակցելով երրորդ կողմի կարգավիճակում, ակնկալում էր, որ Եվրոպական դատարանի վճռից բացառվեն ձևակերպումներ, որոնք կարող են որևէ կերպ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության փաստը:

«Այսօր հրապարակած վճռում Եվրոպական դատարանը նշեց, որ այս գործով դատարանի խնդիրը չէ որոշելու՝ արդյոք Օսմանյան կայսրությունում 1915թ. հայ ժողովրդի նկատմամբ կատարված զանգվածային կոտորածներն ու տեղահանումները կարող են որակվել ցեղասպանություն` միջազգային իրավունքում այդ հասկացությանը տրված բովանդակության տեսանկյունից: Այնուհետև, դատարանի Մեծ պալատը սահմանեց, որ Եվրոպական դատարանը չունի որևէ իրավասություն` անելու իրավական հայտարարություններ այս հարցի վերաբերյալ՝ անկախ նրանից, թե որ տեսանկյունից է դա արվում:

Դատարանը վճռում նաև արձանագրեց, որ հայերն ունեն իրենց և իրենց նախնիների արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունք, այդ թվում՝ այն շրջանակներում, որն առնչվում է ցեղասպանության հետևանքով վնաս կրած հայկական համայնքի ինքնությանը: Դատարանը նաև դրանով արձանագրեց, որ հայերի այդ համոզմունքները և դրա հետ կապված՝ նրանց արժանապատվությունը ենթակա են պաշտպանության կոնվենցիոն չափանիշների շրջանակներում:

Եվ վերջապես, Փերինչեքի հետ կապված կոնկրետ գործով Եվրոպական դատարանը սահմանեց, որ նրան քրեական պատասխանատվության ենթարկելը ոչ թե ընդհանրապես հակասում է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, այլ արձանագրեց, որ Փերինչեքի նկատմամբ սխալ է կիրառվել շվեյցարական օրենքը: Այսինքն՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելը քրեականացնելը և դրա համար քրեական պատասխանատվության ենթարկելը համարվել է իրավաչափ, որը, սակայն, պետք է արվի բացառապես Եվրոպական կոնվենցիայի շրջանակներում»,- ասված է դատախազության հայտարարության մեջ:

***

Թուրք ազգայնական գործիչ, Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը հայտնի է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ իր գործունեությամբ: Շվեյցարիայում 2005թ. կազմակերպված մի գիտաժողովի ժամանակ նա Հայոց ցեղասպանությունը որակել էր «միջազգային սուտ»: Շվեյցարական դատարանն այս հայտարարության համար 2008թ. նրան դատապարտել էր 90-օրյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի, ինչպես նաև 12 հազ. շվեյցարական ֆրանկ տուգանքի:

2013թ. դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի։ ՄԻԵԴ-ի վճռում ասված էր, որ Շվեյցարիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այն է՝ խոսքի ազատության իրավունքը:

Շվեյցարիայի կառավարությունը դիմել էր ՄԻԵԴ՝ բողոքարկելու Փերինչեքի գործով որոշումը։ 2014թ․ հունիսի 3-ին ՄԻԵԴ-ի հինգ դատավորներից բաղկացած կազմը կայացրեց գործի քննությունը դատարանի Մեծ պալատ ընդունելու մասին որոշում:

ՄԻԵԴ-ի Մեծ պալատը Փերինչեքի գործի քննությունը սկսել էր այս տարվա հունվարի 28-ին:

Դողու Փերինչեքը ներգրավված է եղել նաև «Էրգենեքոնի» գործում, որը ծրագրում էր Թուրքիայում տապալել «Արդարություն և զարգացում կուսակցության» իշխանությունը: Թուրքական դատարանը 2014թ. նրան դատապարտել է 117 տարվա ազատազրկման։ Թուրքիայի կառավարությունը 2015թ. սկզբին Փերինչեքի վրայից հանել է երկիրը լքելու արգելքը՝ նրան հնարավորություն տալով մասնակցելու ՄԻԵԴ-ի Մեծ պալատում դատալսումներին։

Մեկնաբանել