Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Պիեռ Անդրյոյին (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Ինչպես հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից, հանդիպմանը քննարկվել են սահմաններում տիրող իրավիճակին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:
Բակո Սահակյանը նշել է, որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը և զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումները, պաշտոնական Բաքվի կողմից ցանկացած կառուցողական առաջարկների մերժումը վտանգում են տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանումը և այս ուղղությամբ միջնորդների կողմից իրականացվող առաքելությունը:
Նա նշել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է նոր որակ հաղորդել զինադադարի ռեժիմի պահպանման և դրա խախտումների համար պատասխանատվության մեխանիզմների հստակեցմանը՝ հավելելով, որ պաշտոնական Ստեփանակերտը պատրաստ է, ըստ ամենայնի, մասնակցել այդ գործընթացին:
Մինսկի խմբի համանախագահները երեկ Երևանում էին, որտեղ հանդիպումներ էին ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Արցախում համանախագահներն այսօր մասնակցելու են Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում ԵԱՀԿ առաքելության կողմից իրականացվելիք ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկմանը: Միջնորդները Բաքվում կլինեն հոկտեմբերի 28-ին: