Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար, կոնգրեսական Քրիս Սմիթ
ԱՄՆ-ի կոնգրեսական, Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Քրիս Սմիթի «2015թ. Ադրբեջանում ժողովրդավարության մասին ակտ» վերնագրով օրինագիծը հակաադրբեջանական բնույթ է կրում. Քրիս Սմիթը մշտապես աչքի է ընկել հայամետ դիրքորոշմամբ և գտնվել է ԱՄՆ-ում հայկական լոբբիի ազդեցության տակ. այսպես է արձագանքել դեկտեմբերի 16-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողով ներկայացված փաստաթղթին պաշտոնական Բաքուն:
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ «նման կողմնակալությունը կարող է բացասաբար անդրադառնալ Ադրբեջանում ԱՄՆ-ի հեղինակության վրա»:
Հաջիևի խոսքով՝ Սմիթի նախապատրաստած փաստաթղթում նշվում է, որ դրա նպատակն է ԱՄՆ-ի ազգային անվտանգության ապահովումը, սակայն «իրականում փորձ է արվում ստվեր գցել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև հաջող համագործակցության վրա՝ էներգետիկ անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում»:
«Նախագիծը մեկ անգամ ևս վկայում է այն մասին, որ Ադրբեջանը, որը տեղակայված է աշխարհաքաղաքական տեսանկյունից բարդ տարածքում, հանդիսանում է կայունության և անվտանգության օազիս և կարևոր դեր է խաղում ռազմավարական այնպիսի նախագծերում, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Կարսը, TANAP-ը և «Մետաքսե ճանապարհը», լրջորեն անհանգստացնում է հակաադրբեջանական շրջանակներին»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն ու շեշտել, որ «երկրում ամբողջությամբ ապահովված է օրենքի գերակայությունը, դատարանների անկախությունը, հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև մամուլի ազատությունը»:
Դեկտեմբերի 16-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողով է ներկայացվել «2015-ին Ադրբեջանում ժողովրդավարության մասին ակտ» վերնագրով օրինագիծը, որում առաջարկում է մերժել վիզայի տրամադրումը Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ պայմանավորված այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարումների հետ:
«Մենք ընդունում ենք, որ մեր երկու երկրների միջև գոյություն ունեն կարևոր կապեր՝ ազգային անվտանգության և տնտեսական ոլորտներում, սակայն Միացյալ Նահանգներն այլևս չի կարող աչք փակել Ադրբեջանում տեղի ունեցող մարդու իրավունքների սարսափելի ոտնահարումների վրա»,- ասել է Քրիս Սմիթը:
«Անընդունելի է, որ Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները ազատորեն մուտք են գործում ԱՄՆ, մինչդեռ խիզախ կանայք և տղամարդիկ, ինչպիսիք են հետաքննող լրագրող Խադիջա Իսմայլովան, փաստաբան Ինթիգամ Ալիևը, ընդդիմադիր Իլգար Մամադովը և ակտիվիստ Անար Մամադլին, փակված են բանտերում»,- եզրափակել է կոնգրեսականը: