«Նոր Հայաստան» քաղաքական միավորման անդամ Գևորգ Սաֆարյանը երկու ամսով կալանավորվել է: Դեկտեմբերի 31-ի գիշերը Սաֆարյանը և այլ ակտիվիստներ փորձել էին Երևանի Ազատության հրապարակում տոնածառ տեղադրել, ինչն ավարտվել էր ոստիկանների հետ բախմամբ: Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
«Նոր Հայաստանի» տարածած հաղորդագրությունում նշվում է, որ «հունվարի 3-ին, վարչախմբի կամակատար դատարանը քաղաքացիների խաղաղ հավաքը խոչընդոտած, նրանց, այդ թվում՝ Գևորգ Սաֆարյանի, նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին, առաջին հերթին՝ այսպես կոչված «հրեշտակների» գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանին քրեական պատասխանատվությունից ազատելու, ինչպես նաև ոստիկանական բռնության և անպատժելիության ռեժիմն էլ ավելի ամրապնդելու նպատակով առանց որևէ հիմքի որոշեց Գևորգ Սաֆարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը»:
«Փաստորեն՝ Սահմանադրական հանրաքվեի կեղծման դեմ բողոքող Գևորգ Սաֆարյանի նկատմամբ վարչախմբի այս հաշվեհարդարի հետևանքով նոր տարին մեկնարկեց նոր քաղբանտարկյալի պատանդմամբ»,- ասված է հաղորդագրությունում:
Ինքը՝ Գևորգ Սաֆարյանը, դատարանի դահլիճում հացադուլ է հայտարարել:
«Նոր Հայաստան» ընդդիմադիր քաղաքական միավորումը ստեղծել են «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը և «Հիմնադիր խորհրդարան» քաղաքական միավորման անդամ Ժիրայր Սեֆիլյանը, քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ: