Մեր պատկերացրածը…

Մեր պատկերացրած Եվրոպան էթիկայի դարբնոց է՝ շուտով այնտեղ «սեքս» բառն արգելվելու է ի շահ իմպոտենտների:

Մեր պատկերացրած հեղափոխությունը չի իրականանում, որովհետև մեզ մոտ կան սովածներ և կուշտեր, իսկ հեղափոխությունն անում են կիսասովածները: Նրանք գիտեն, թե ինչ է հացը, որը պակասում է:

Մեր պատկերացրած Աստվածը պիտի կռիվ ունենա տերտերների հետ: Այդպես չէ: Աստված սահմանափակված է ողորմածությամբ:

Մեր պատկերացրած ընտրությունը մեր փոխարեն կարող է ուրիշն էլ անել: Մեր ընտրությունը «հայի հետին խելքով» է:

Մեր պատկերացրած գազանը նա է, ով հարձակվում է մարդու վրա: Մինչդեռ գազանությունը մարդուց կենդանի և մարդուց մարդ հարաբերության մեջ է: Կենդանին չի կարող լինել գազան: Նա հաշվետու չէ:

Մեր պատկերացրած ճոխությունը միշտ իրերի մեջ է: Որովհետև իրերը մեր պատվախնդրության հայելին են:

Մեր պատկերացրած հրաշքի մեջ մի քիչ մեռելի հարություն կա: Որովհետև չմեռնելը հրաշք չէ:

Մեր պատկերացրած քաղաքականությունն անբարոյականություն է: Իբր անբարոյականներն էլ մենք չենք:

Մեր պատկերացրած սերը մեզ հետ երբեք չի պատահի: Որովհետև սերը նույնպես մեր պատվախնդրության հայելին է:

Մեր պատկերացրած կինը պիտի ոչ մի խանութի տեղը չիմանա: Որովհետև, երբ նա ասում է, որ պայուսակ չունի, նշանակում է՝ չունի 31-րդը:

Մեր պատկերացրած պատմությունը հերոսական է: Որովհետև ոչ ոք այդ պատմության ժամանակակիցը չէ:

Մեր պատկերացրած ճշմարտությունը արդարությունն է: Մինչդեռ այն արդարության հետ կապ չունի: Արդարությունը կապ ունի հավասարության հետ: Առանց բաշխման արդարություն չկա:

Մեր պատկերացրած խիղճը «արտահայտվում» է մեզ վերաբերող սպառնալիքներից դուրս: Մենք տեսարանների մարդն ենք:

Մեր պատկերացրած թուրքը մեզ վրա ատամ է սրում: Որովհետև դա ատամների օրինաչափ փոխհարաբերություն է:

Մեր պատկերացրած կռիվն ուրիշի հետ է: Որովհետև ուրիշից է սկսվում «թուրքը»:

Մեր պատկերացրած աղոթքը պահանջում է սևեռուն «հայացք առ Աստված»: Ի դեպ, նույն «հայացքն» է «խնամում» կազմակերպված հանցագործությունը` առավել կենտրոնացվածություն:

Մեր պատկերացրած ազատությունը ձեռնաշղթաների հակառակն է: Տիեզերքը նույնպես ձեռնաշղթա է:

Մեր պատկերացրած ճակատագիրն Աստծով իրականանալիքն է: Մինչդեռ իր իմացության մեջ Աստված սիրում է մեր Կամքը:

Մեր պատկերացրած հույսը սիրված լինելն է: Որովհետև ուզում ենք լինել մյուսների հույսը:

Մեր պատկերացրած մահը պիտի որ մեզ չվերաբերեր: Որովհետև մեր պատկերացրած հույսը սիրված լինելն է: Որովհետև մեր պատկերացրած ճակատագիրն Աստծով իրականանալիքն է: Որովհետև մեր պատկերացրած ազատությունը ձեռնաշղթաների հակառակն է: Որովհետև մեր պատկերացրած աղոթքը պահանջում է սևեռուն «հայացք առ Աստված»: Որովհետև մեր պատկերացրած կռիվն ուրիշի հետ է: Որովհետև մեր պատկերացրած թուրքը մեզ վրա ատամ է սրում: Որովհետև մեր պատկերացրած խիղճը «արտահայտվում» է մեզ վերաբերող սպառնալիքներից դուրս: Որովհետև մեր պատկերացրած ճշմարտությունը արդարությունն է: Որովհետև մեր պատկերացրած պատմությունը հերոսական է: Որովհետև մեր պատկերացրած կինը պիտի ոչ մի խանութի տեղը չիմանա: Որովհետև մեր պատկերացրած սերը մեզ հետ երբեք չի պատահի: Որովհետև մեր պատկերացրած քաղաքականությունն անբարոյականություն է: Որովհետև մեր պատկերացրած հրաշքի մեջ մի քիչ մեռելի հարություն կա: Որովհետև մեր պատկերացրած ճոխությունը միշտ իրերի մեջ է: Որովհետև մեր պատկերացրած գազանը նա է, ով հարձակվում է մարդու վրա: Որովհետև մեր պատկերացրած ընտրությունը մեր փոխարեն կարող է ուրիշն էլ անել: Որովհետև մեր պատկերացրած Աստվածը պիտի կռիվ ունենա տերտերների հետ: Որովհետև մեր պատկերացրած հեղափոխությունը չի իրականանում, որովհետև մեր մոտ կան սովածներ և կուշտեր, իսկ հեղափոխությունն անում են կիսասովածները: Որովհետև մեր պատկերացրած Եվրոպան էթիկայի դարբնոց է:

Մեկնաբանել