Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշում է` երկրում գրիպի համաճարակ չկա:
«Գրիպի կանխարգելման աշխատանքները շարունակվում են։ ՀՀ առողջապահության նախարարության արագ արձագանքման խմբի վերլուծության արդյունքներով այս պահի դրությամբ ծանր դեպքերի թիվը գրեթե նույնն է։ Նրանց բոլորի առողջական վիճակը և բուժման ընթացքը մասնագետների և անձամբ նախարարի խիստ ուշադրության ներքո է»,- հաղորդում է նախարարությունը։
Հաղորդագրության մեջ նշված է, որ նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ առողջապահության նախարարությունում ստեղծված արագ արձագանքման խմբի անդամները Երևանի և մարզային հիվանդանոցներում ծանոթանում են հիվանդների բուժման ընթացքին: ՀՀ ԱՆ պետական առողջապահական տեսչության մասնագետները ևս լայնածավալ ուսումնասիրություններ են կատարում։
«Կանխարգելիչ գործողությունները շարունակվում են: Հիվանդանոցներն ու պոլիկլինիկաներն ապահովված են անհրաժեշտ դեղերով ու այլ նյութերով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նախարարությունը հիշեցնում է, որ ուշացման, ինչպես նաև ինքնաբուժման դեպքերում կարող են առաջանալ առողջությանը սպառնացող խնդիրներ։
***
Առողջապահության նախարարության տվյալներով`հունվարի 9-ի դրությամբ` հանրապետությունում գրանցվել է սուր շնչառական վարակներով հոսպիտալացման 662 դեպք, որից 219-ը` թոքաբորբ:
Համաճարակաբանական իրավիճակի բարդություններից խուսափելու և վարակների հետագա տարածումը կանխելու նպատակով՝ հունվարի 7-ին առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդես էր եկել դպրոցների և մանկական նախադպրոցական հաստատությունների ձմեռային արձակուրդները մինչև հունվարի 18-ը երկարաձգելու առաջարկով: Նույն օրը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել էր, որ ուսումնական տարին կշարունակվի հունվարի 18-ից: