Վրաստանի նախկին դեսպաններին միավորող «Դիվանագետների ակումբը» երկրի էներգետիկայի նախարարությանը կոչ է արել մանրամասն տեղեկացնել հանրությանը ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության հետ բանակցությունների մասին, հաղորդում է Interfax գործակալությունը:
«Բոլորովին վերջերս հանրությունը տեղեկացավ դեկտեմբերի 27-ին Ցյուրիխում էներգետիկայի նախարար Կախա Քալաձեի և «Գազպրոմի» ներկայացուցիչ Ելենա Բուրմիստրովայի հանդիպման մասին»,- ասված է ակումբի հայտարարության մեջ: Դիվանագետների կարծիքով՝ գազի թեման ոչ թե շարքային տնտեսական կամ կոմերցիոն, այլ Վրաստանի ինքնիշխանությանը վերաբերող հարց է:
Դեսպանները նշում են, որ կարճ ժամանակահատվածում տեղի է ունենում թվով չորրորդ նմանատիպ հանդիպումը (ավելի վաղ Վրաստանի և «Գազպրոմի» ներկայացուցիչների միջև հանդիպումներ կայացել են անցյալ տարվա սեպտեմբերին Բրյուսելում, հոկտեմբերին՝ Միլանում, դեկտեմբերի սկզբին՝ Լյուքսեմբուրգում):
Վրաստանի ԱԳՆ վետերաններին հատկապես մտահոգում է փաստը, որ վերջին հանդիպումը գաղտնի է պահվել, և եթե չլիներ տեղեկատվության արտահոսք, կառավարությունը մտադիր չէր հանրությանը տեղեկացնել այդ հանդիպման մասին:
«Դիվանագետների ակումբի» գնահատմամբ՝ երկրի էներգետիկայի նախարարության փաստարկները՝ գազամատակարարման ուղիների դիվերսիֆիկացիայի մասին, քննադատության չեն դիմանում, քանի որ վառելիքի շուկայում Ադրբեջանի փոխարինումը ոչ թե կամրապնդի, այլ լուրջ հարված կհասցնի երկրի էներգետիկ անվտանգությանը: Դեսպանների համոզմամբ՝ Վրաստանն ադրբեջանական գազը ստանում է մատչելի գներով, որոնք զգալիորեն տարբերվում են «Գազպրոմի» գներից:
Ըստ հայտարարության՝ առավել անհասկանալի են նախարար Քալաձեի պնդումները Վրաստանի համար ադրբեջանական գազի ոչ բավարար քանակի մասին, չնայած՝ «Ադրբեջանի նախագահի կոնկրետ փաստերն ու միանշանակ հայտարարությունները հակառակի մասին են վկայում»:
Վրաստանի և «Գազպրոմի» բանակցությունները
«Գազպրոմ»-ի հետ բանակցությունների թեման Վրաստանում սկսել է ակտիվորեն քննարկվել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել 2015թ. սեպտեմբերի վերջին Բրյուսելում Վրաստանի էներգետիկայի նախարար Քալաձեի և «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերի հանդիպման մասին, որին քննարկվել է էներգետիկ ոլորտում համագործակցությունը և Ռուսաստանից Հայաստան Վրաստանով անցնող գազատարով երկնագույն վառելիքի տարանցման ծավալի ավելացումը:
Հոկտեմբերի 26-ին Միլանում կայացել է«Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի և Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Կախա Քալաձեի հանդիպումը: Ըստ «Գազպրոմի» պաշտոնական կայքի՝ հանդիպմանը շարունակվել է Վրաստանի տարածքով ռուսական գազի տարանցման և դրա կոմերցիոն մատակարարումների հարցերի քննարկումը:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Վրաստանի էներգետիկայի նախարարը, Ադրբեջանը ի վիճակի չէ ամբողջությամբ բավարարել Վրաստանի գազի պահանջները, ինչին հակադարձել է SOCAR Georgia-ի գլխավոր տնօրեն Մահին Մամեդովը:
«Ադրբեջանը գրեթե ամբողջությամբ բավարարում է այդ պահանջները»,- ասել է Մամեդովը՝ նշելով, որ Ադրբեջանը օրական գրեթե 6 մլն խմ գազ է մատակարարում Վրաստանին, մինչդեռ երկրում օրական սպառվում է մոտ 6,2 մլն խմ գազ:
ՌԴ գազային հսկայի հետ բանակցությունները խիստ քննադատում է վրացական ընդդիմությունը՝ պարբերաբար անցկացնելով բողոքի ակցիաներ և հայտարարելով, որ դրանք սպառնում են Վրաստանի քաղաքական և էներգետիկ անկախությանը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, փորձելով փարատել ընդդիմության մտավախությունը, թե ադրբեջանական գազը փոխարինվելու է ռուսականով, ասել է. «Ադրբեջանական գազը փոխարինելու մասին խոսք չկա: Դա կատարյալ աբսուրդ է: Դա չի համապատասխանում իրականությանը, և ես խնդրում եմ անպատասխանատու քաղաքական գործիչներին չմոլորեցնել քաղաքացիներին»:
Հոկտեմբերի վերջին Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ քրեական ոչինչ չկա նրանում, որ Վրաստանը ցանկանում է ռուսական գազ գնել:
Նոյեմբերի 5-ին Թբիլիսիում Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «Ադրբեջանն ունի գազի այնքան մեծ պաշարներ, որ անգամ 100 տարի անց կբավարարի ոչ միայն սեփական, այլև հարևանների և Եվրոպայի գազի պահանջները»: