ՀՀ փոստային կապի ազգային օպերատոր «ՀայՓոստ»-ը և աշխարհում մեծությամբ երրորդ «Ռիա Մանի Թրանսֆեր» դրամական փոխանցումների ընկերությունը հայտարարել են Հայաստանի ամբողջ տարածքով ներքին և արտաքին դրամական փոխանցման ծառայություններ մատուցելու նպատակով ձեռնարկած գործընկերության մասին:
Ինչպես ասված է «ՀայՓոստ»-ի տարածած հաղորդագրության մեջ, նոր պայմանագիրը ընկերության հաճախորդներին հնարավորություն կտա եվրոյով և դոլարով կանխիկ փոխանցումներ ստանալ «ՀայՓոստ»-ի 600-ից ավելի առցանց փոստային բաժանմունքներից:
«Ապահով և մատչելի ծառայության մատուցումից բացի՝ «Ռիա»-ի փոխանցումների արագ համակարգը «ՀայՓոստ»-ի հաճախորդներին թույլ կտա արտասահմանում գտնվող բարեկամներից և ընկերներից փոխանցումներ ստանալ մի քանի րոպեի ընթացքում: «ՀայՓոստ»-ի հաճախորդները կկարողանան նաև գումարներ ուղարկել «Ռիա»-ի համաշխարհային ամբողջ ցանցով, որն ընդգրկում է 147 երկիր և 287 հազ. սպասարկման կետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Մեր առաքելություններից մեկը հաճախորդներին բարձրորակ, արագ և մատչելի ծառայությունների մատուցումն է: Մենք վստահ ենք, որ «Ռիա Մանի Թրանսֆեր»-ի հետ համագործակցությունը համահունչ է այդ առաքելությանը, և լիահույս ենք, որ մեր համատեղ աշխատանքը շոշափելի արդյունքներ կգրանցի մոտ ապագայում»,- ասել է «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերության գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:
Համաշխարհային բանկի հաշվարկի համաձայն՝ 2014թ. Հայաստանը փոխանցումներից ստացել է 2.2 մլրդ դոլար, 2013թ. այդ փոխանցումները կազմել են երկրի ՀՆԱ-ի 21%-ը:
«Ռիա Մանի Թրանսֆեր»-ը դրամական փոխանցումների համաշխարհային առաջատարներից է, որը փոխանցումներն իրականացնում է ուղարկող գործակալների ցանցի և ընկերությանը պատկանող վաճառակետերի միջոցով, որոնք տեղակայված են Հյուսիսային Ամերիկայում, Լատինական Ամերիկայում, Եվրոպայում, Խաղաղօվկիանոսյան Ասիայում, ինչպես նաև Միացյալ Նահանգներից՝ առցանց տարբերակով: