Հիվանդությունը սկսում է նահանջել. առողջապահության նախարարություն

Հունվարի 12-ի առավոտյան ժամը 10-ի դրությամբ նվազել է թոքաբորբով, այդ թվում` հղի հիվանդների թիվը, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը:

«Սուր շնչառական վարակների կանխարգելիչ և բուժական լայնածավալ աշխատանքները շարունակվում են։ Երեկ նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ հնչեցված ցուցանիշներում առկա է բարելավում»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ իջել է վերակենդանացման բաժանմուքներում բուժվողների ցուցանիշը։ Առայժմ նույնն է սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակը երեխաների շրջանում։

Նախարարությունը տեղեկացնում է նաև, որ արձանագրվել է մահվան դեպք. «Ախտորոշումը և այլ մանրմասները կճշտվեն փորձաքննության արդյունքում»։

***

Առողջապահության նախարարությունը հունվարի 11-ին հայտարարել էր, որ երկրում գրիպի համաճարակ չկա: Երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանն ասել էր, որ հանրապետությունում կա վարակների սեզոնային բարձրացում, որը սակայն չի հասել համաճարակի աստիճանի: Նա նշել էր, որ հունվարի 11-ի դրությամբ` հանրապետությունում գրանցվել է սուր շնչառական վարակներով հոսպիտալացման 855 դեպք: Պողոսյանը ներկայացրել էր 855 հիվանդների սեռատարիքային բաժանումը` 101 հղի կին, 672 երեխա, որոնցից 150-ի մոտ` տարբեր տիպի թոքաբորբ՝ ոչ միայն H1N1:

Նախարարի տեղակալը նշել էր, որ 2015-ի վերջին և 2016-ի սկզբին գրանցվել է մահացության 6 դեպք, որոնց բոլորի մոտ էլ գրանցվել է H1N1 գրիպ:

Մեկնաբանել