Ադրբեջանը հունվարի 11-ին նոր ճնշումներ է իրականացրել կրոնական պահպանողական քաղաք Նարդարանում` բնորոշելով դրանք որպես իսլամական վերելքի կանխարգելիչ քայլեր:
Ադրբեջանական APA գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի ոստիկանությունը, հաղորդում է, որ երեկ Նարդարանում ձերբակալվել է ավելի քան 60 մարդ է, որից 50-ը ազատ են արձակվել: Կառավարությունը պաշտոնական հաղորդագրությամբ հանդես չի եկել:
Սա նմանատիպ առաջին դեպքը չէ Նարդարանում: Դեռ անցած տարվա նոյեմբերին արյունալի բախումների հետևանքով այստեղ վեց մարդ էր սպանվել: Անցած շաբաթ դավաճանության ու լրտեսության մեղադրանքով ձերբակալվել էր քաղաքի ծերակույտի ղեկավար Նաթիգ Քարիմովը: Անցած նոյեմբերին ձերբակալվել էր տեղի հոգևոր առաջնորդ Թալեհ Բագիրզադեն:
Իշխանությունները պնդում են, որ քաղաքի բնակիչները ծրագրում էին հեղաշրջում և համագործակցում օտարերկրյա անանուն ուժերի, ենթադրյալ` Իրանի հետ, ինչը հակասում է Ադրբեջանի անվտանգության շահերին: Հիմնականում շիա բնակչություն ունեցող Ադրբեջանում նոր չեն պնդումները, թե Իրանի շիա իշխանություններն ամեն կերպ փորձում են ազդեցություն գործել կամ Նարդարանում խժդժություններ առաջացնել:
Այնուամենայնիվ, որոշ անկախ վերլուծաբաններ Նարդարանում Իրանի ունեցած դերի մասին պնդումները համարում են չափազանցված: Եվրախորհրդարանում ադրբեջանցի քաղաքական խորհրդական Էլդար Մամեդովի խոսքով` Իրանը «նպատակ չունի անկայունություն սերմանել իր հյուսիսային սահմանին: Նարդարանում, ինչպես նաև երկրի այլ հատվածներում դժգոհությունները ներքին դրդապատճառներ ունեն»:
Որոշ վերլուծաբաններ մատնանշում են Ադրբեջանի ներկայիս տնտեսական դժվարությունները` պնդելով, որ կառավարությունը որոշել է «առաջին քայլն ինքն անել և Նարդարանում «վնասազերծել» բողոքների հակված բնակչությանը` կանխելով դրանց վերածումը ցույցերի»:
«Նարդարանը` առանձին հանրապետություն»
Նարդարանը գտնվում է Բաքվից մոտ 30 կմ հեռավորության վրա: Այստեղ չկան Ադրբեջանում ամենուրեք փակցված նախկին նախագահ Հեյդար Ալիևի պաստառներ: Քաղաքում կամ նրա մոտակայքում չի վաճառվում ալկոհոլ կամ խոզի միս: Կանանց մեծ մասը ոտքից գլուխ ծածկված է սև չադրայով, փողոցներում ամենուրեք կարելի է տեսնել կրոնական թեմաներով գրաֆիտիներ: Ազգային ոստիկանության մուտքն արգելված է: Տեղի ոստիկաններից մեկի խոսքով` «Նարդարանն առանձին հանրապետություն է»: Քաղաքը հայտնի է խիստ կրոնապաշտությամբ և շիա իսլամին նվիրվածությամբ: