Հունվարի 12-ին արձանագրվել է քաղցկեղով հիվանդ, վիրահատված երեխայի մահվան դեպք, որի մոտ միաժամանակ հաստատվել է H1N1 ենթատեսակը, հաղորդում է առողջապահության նախարարությունը: Երեկ ավելի վաղ հաղորդվել էր նաև մեկ կնոջ մահվան դեպքի մասին:
Նախարարությունը միաժամանակ տեղեկացնում է` հունվարի 12-ը առաջին օրն է, որ սուր շնչառական վարակներով պայմանավորված` իրավիճակը ոչ միայն կայունանում է, այլև արձանագրվում է դեպքերի նվազում: Մինչև այժմ ամեն օր նկատվում էր հիվանդացության աճ:
«Հունվարի 11-ին առողջապահության նախարարությունում կազմակերպված մամուլի ասուլիսից հետո մինչև ժամը 20:00-ը թոքաբորբով հիվանդների թիվը 412 էր, այսօր ժամը 20:00-ի դրությամբ հիվանդների թիվը նվազել է` 396: Վերակենդանացման բաժանմունքներում բուժում ստացողների թիվը 92-ից օրվա ավարտին դարձել է 81: Սուր շնչառական վարակներով հղի կանանց թիվը նախկին 101-ից դարձել է 85, ապա նվազել է 78-ի: Սուր շնչառական վարակներով երեխաների թիվը 720-ից դարձել է 684»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ հունվարի 12-ի դրությամբ` 14 հիվանդի միացված է արհեստական շնչառության սարք: Նրանցից 8-ի մոտ հաստատվել է գրիպի H1N1 ենթատեսակը:
Սուր շնչառական վարակներով հիվանդների ընդհանուր թիվը եթե հունվարի 11-ին` ժամը 20:00-ին 855 էր, ապա երեկվա դրությամբ 799 է:
«Ամփոփելով վերջին տվյալները` կարելի է արձանագրել, որ կանխարգելիչ և բուժական աշխատանքների, ինչպես նաև իրազեկման արդյունքում, ընդհանուր առմամբ, հանրապետությունում նկատվում է իրավիճակի կայունացում և դեպքերի նվազման միտում»,- ասված է հաղորդագրության մեջ: