Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հուսով է` 2016 թվականը ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերություններին նոր որակ կհաղորդի, և մինչև տարեվերջ ավարտին կհասցվեն Հայաստան-Եվրամիություն նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները:
Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, այս մասին Սվիտալսկին ասել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:
Դեսպան Սվիտալսկին վերահաստատել է ԵՄ հետաքրքրվածությունը՝ Հայաստանին օժանդակելու համագործակցության զարգացման և բարեփոխումների իրականացման գործում:
Սերժ Սարգսյանը նշել է, որ ԵՄ-ի հետ համագործակցությունն ու հարաբերությունների զարգացումը շարունակում են մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից: Նա ասել է, որ Սահմանադրության փոփոխություններից հետո Հայաստանը լայնածավալ բարեփոխումների նոր փուլ է մտնում, և հույս է հայտնել, որ «ԵՄ կողմից բարեփոխումներին տրամադրվող աջակցությունը կլինի շարունակական՝ նկատի առնելով մինչ այժմ ցուցաբերված աջակցության արդյունավետությունը երկրի համար»: