Իրանը ազատ է արձակել ձերբակալված ամերիկացի զինվորականներին

Թեհրանը ազատ է արձակել Պարսից ծոցում ձերբակալված ամերկացի 10 զինվորականներին, հաղորդում է BBC-ն:

Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ ասված է, որ նավաստիները Իրանի տարածքային ջրերում հայտնվել են ոչ կանխամտածված: Իրանի պետական հեռուստատեսության հաղորդմամբ` խումբն ազատ է արձակվել ներողություն խնդրելուց հետո:

Պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալի Ֆադավին ասել է, որ համաձայն հետաքննության արդյունքների` ամերիկացիները Իրանի տարածքային ջրերում հայտնվել են նավիգացիոն համակարգի սխալի պատճառով: Նրանք Իրանի նկատմամբ որևէ թշնամական նպատակ չեն հետապնդել, ինչպես նաև չեն պատրաստվել լրտեսել, ասել է Ֆադավին:

Պենտագոնում հաստատել են զինվորականների ազատ արձակման լուրը և նշել են, որ իրականացվում է հետաքննություն` պարզելու, թե ինչպես են նրանք հայտնվել Իրանի ջրերում:

Լույս հունվարի 13-ին հայտնի էր դարձել, որ Միացյալ Նահանգների երկու փոքր ռազմանավի անձնակազմ անազատության մեջ է ընկել Իրանում: Ռազմանավերի վրա եղել էր 10 նավաստի՝ ինը տղամարդ և մեկ կին:

Մեկնաբանել