««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությանը 2015թ. դեկտեմբերի 24-ին տրվել է հին համալիրի օղակաձև վթարային էստակադայի ապամոնտաժման թույլտվություն, այս մասին ասված է Երևանի քաղաքապետարանի` «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի վերաբերյալ ներկայացրած պարզաբանման մեջ:
«Զվարթնոց» օդանավակայանի նախագծի համահեղինակ ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը` Անահիտ Թարխանյանը, հունվարի 13-ին լրատվամիջոցներով հայտարարություն էր տարածել` նշելով, որ քաղաքապետարանը 2015թ. դեկտեմբերին ապամոնտաժման թույլտվություն է տրամադրել ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ին` «Զվարթնոց»-ի կլոր մասնաշենքի մասնակի ապամոնտաժման համար: Հայտարարության մեջ Թարխանյանը նշել էր, որ որպես համալիրի հեղինակի ժառանգ` դիմելու է Հայաստանի և Արգենտինայի իրավապահ մարմիններին, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարող միջազգային կառույցներին:
Արձագանքելով ճարտարապետ Անահիտ Թարխանյանի հայտարարությանը` Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը հանդես է եկել պարզաբանմամբ, որում տեղեկացնում է, որ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ին 2015թ. դեկտեմբերի 24-ին տրվել է նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք), որով ընկերությունը պետք է իրականացնի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ընդլայման և հին համալիրի վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակում:
Պարզաբանման մեջ նշվում է, որ հին համալիրի օղակաձև վթարային էստակադայի ապամոնտաժման թույլտվությունը տրվել է` հաշվի առնելով «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից կազմված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի թիվ 1 համալիրի կառույցների տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության գնահատման վերաբերյալ տրված հաշվետվությունը:
Խնդրի առնչությամբ հաղորդագրություն է տարածել նաև Հանրային խորհուրդը: «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի շինության պահպանության վերաբերյալ Հանրային խորհրդում այսօր տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը տեղեկացվել է, որ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը (կոնցեսիոներ) Երևանի քաղաքապետարան է ներկայացրել օդանավակայանի վերափոխման նոր նախագիծ, որտեղ ներկայացված է հին ուղևորային համալիրը մասամբ քանդելու հարցը: Ներկաները մտահոգություն են հայտնել հարցի վերաբերյալ` նշելով, որ կան չքննարկված տարբերակներ շենքի ամբողջական պահպանման առումով:
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հանձնարարել է առաջիկա օրերին կազմակերպել լայն քննարկում` ներգրավելով բոլոր շահագրգիռ կողմերին և քննարկել կոնցեսիոների կողմից ներկայացված նոր նախագիծը, փորձել գտնել ընդունելի լուծումներ բոլոր կողմերի համար:
***
««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի առաջարկած՝ «Զվարթնոց» օդանավակայանի առաջիկա հինգ տարիների զարգացման ծրագրի շրջանակում հին ուղևորային համալիրի քանդման հետ կապված հարցը բացասաբար էր ընդունվել թե՛ Հայաստանի հանրության և թե՛ ճարտարապետների կողմից, որի արդյունքում 2013թ. Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը դիմել էր Հանրային խորհուրդ՝ կազմակերպելու հանրային մասնագիտական քննարկումներ խնդրի առնչությամբ:
ՀԽ-ն իր ենթահանձնաժողովներում քննարկել էր հարցը՝ ներգրավելով մասնագետների, Հայաստանի ճարտարապետների միության ներկայացուցիչների, այնուհետև 2013թ. նոյեմբերի 13-ին լիագումար նիստում դեմ էր արտահայտվել քանդմանը՝ կոնցեսիոներին առաջարկելով վերանայել իր ծրագիրը՝ հիմքում ունենալով հին ուղևորային համալիրի պահպանման խնդիրը, քանի որ այն հանդիսանում է մշակութային արժեք և Երևանի խորհրդանիշերից մեկը:
«Զվարթնոցի» հին մասնաշենքի քանդման խնդիրը ծագել է այն պատճառով, որ շենքը ֆիզիկապես բավական մաշված է, իսկ այն հիմնովին վերանորոգելու համար, տարբեր գնահատականներով, պահանջվում է $15-20 մլն: