Հունվարի 17-ին արձանագրվել է H1N1 վարակով երկու հիվանդի մահ, հաղորդում է առողջապահության նախարարությունը:
Նշվում է, որ երկու հիվանդն էլ բժշկական կենտրոն էին ընդունվել հունվարի 9-ին` ուշացած, ծայրահեղ ծանր վիճակում, երկկողմանի թոքաբորբով։ Երկուսին էլ անմիջապես միացվել է արհեստական շնչառության սարք։ Նրանցից մեկն ունեցել է նաև սիրտթոքային ծանր անբավարարություն:
Մինչ այս H1N1 վարակից արձանագրվել էր մահվան 14 դեպք, որից 3-ը` մինչև տարեսկիզբ:
Նախարարությունը նշում է, որ վերջին վեց տարում` 2009-2014 թթ., Հայաստանում յուրաքանչյուր տարի գրանցվել է թոքաբորբով պայմանավորված 450-500 մահվան դեպք, որի զգալի մասը ձմռան ամիսներին` պայմանավորված սեզոնային գրիպի բարձրացման հետ։ «Այս տարի նախարարության բազմաթիվ հորդորների շնորհիվ բարձրացել է մարդկանց զգոնությունը, և հատկապես վերջին օրերին մարդիկ սկսել են բժշկական օգնության դիմել հիվանդության ավելի վաղ շրջանում։ Պայմանավորված այն հանգամանքով, որ գրիպը հակում ունի որպես բարդություն ծանր ընթացքով թոքաբորբ առաջացնելու` առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում են գտնվում բոլոր հիվանդները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նախարարությունը տեղեկացնում է, որ այսօվա դրությամբ թոքաբորբով ծանր վիճակում գտնվող 7 հիվանդի միացված է արհեստական շնչառության սարք։ Բժիշկները շարունակում են պայքարել նրանց կյանքի համար: