Հունվարի 16-ին Թբիլիսիում՝ կառավարության շենքի մոտ, անցկացվել է հերթական բողոքի ակցիան՝ «Գազպրոմ»-ի հետ բանակցությունների դեմ:
Ակցիայի կազմակերպիչները բաժանել են թռուցիկներ՝ «Ո՛չ «Գազպրոմ»-ին» գրությամբ և պաստառներ, որոնց վրա պատկերված էր Վրաստանի նախկին վարչապետ, գործարար Բիձինա Իվանիշվիլին. երկրի ներկայիս իշխանությունների քննադատները վերջինիս քննադատում են Վրաստանում ռուսաստանյան գազային հսկայի շահերի լոբբինգ անելու մեջ:
Երկու ժամ տևած ակցիային ելույթներ չեն հնչել: Կազմակերպիչների մտահղացմամբ՝ բողոքի նման ձևն ընտրվել է ակցիան ապաքաղաքականացնելու համար:
«Սա քաղաքական ակցիա չէ, սակայն, անշուշտ, մեր դիրքորոշումները այս հարցում համընկնում են ոչ միայն «Ազգային շարժման», այլև ընդդիմադիր այլ ուժերի տեսակետերի հետ. նույնիսկ բուն իշխող կուսակցության ներսում կան անձինք, որոնք քննադատորեն են վերաբերվում դրան»,- BBC-ի հետ զրույցում ասել է Վրաստանի Բարեփոխումների ասոցիացիայի հիմնադիրներից Ելենա Խոշթարիան:
Ավելի վաղ Վրաստանի նախկին իշխող կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները իշխանություններից պահանջել էին բացահայտել «Գազպրոմ»-ի հետ բանակցությունների մանրամասները՝ հակառակ դեպքում սպառնալով բողոքի ակցիաներ սկսել: Ընդդիմադիրները վստահ են՝ գործընթացը սպառնում է Վրաստանի ազգային շահերին և էներգետիկ անվտանգությանը:
«Գազպրոմ»-ի հետ բանակցությունները վտանգավոր են համարում նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչները, որոնք կոչ են անում գործադրել բոլոր ջանքերը Վրաստանի համար անվտանգ գազամատակարարում ապահովելու նպատակով՝ հարևան Ադրբեջանի հետ գործընկերության միջոցով:
Վրաստանի կառավարության բանակցությունները «Գազպրոմ» ընկերության հետ շարունակում են լինել բուռն բանավեճերի էպիկենտրոնում այն բանից հետո, երբ հայտնի է դարձել գազային մոնոպոլիստի ղեկավար Ալեքսեյ Միլլերի և Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Քալաձեի հանդիպումների մասին:
Վրացական ընդդիմությունն ու մի շարք փորձագետներ մտավախություն ունեն, որ «Գազպրոմ»-ի հետ համագործակցության ընդլայնումը Թբիլիսին կախվածության մեջ կգցի Ռուսաստանից և կվատթարացնի հարաբերությունները վառելիքի վաղեմի մատակարար, ռազմավարական դաշնակից Ադրբեջանի հետ:
Իշխանություններն իրենց հերթին բանակցությունների շուրջ բարձրացած աղմուկը համարում են քաղաքականացված՝ նշելով, որ վերջին տարիներին Վրաստանն առանց այդ էլ սպառվող գազի մի մասը ստացել է Ռուսաստանից, և «Գազպրոմ»-ի հետ հարաբերություններում միակ փոփոխությունը կարող է լինել Վրաստանի տարածքով Հայաստանին մատակարարվող գազի տարանցման դիմաց վճարի բնույթի փոփոխությունը:
Ներկայում Վրաստանի գազի հիմնական մատակարարը Ադրբեջանն է, սակայն նա ստանում է Ռուսաստանից իր տարածքով Հայաստանին մատակարարվող երկնագույն վառելիքի 10 տոկոսը:
Ինչպես նկատել է Ելենա Խոշտարիան, բանակցությունների նպատակի և բուն թեմայի շուրջ հստակություն չկա, քանի որ իշխանությունները պարբերաբար նոր վարկածներ են հնչեցնում:
Անցյալ տարվա սեպտեմբերից ի վեր Քալաձեի և Միլլերի միջև կայացել է երեք հանդիպում, որոնք անցել են Եվրոպայի տարբեր քաղաքներում՝ Վրաստանում դառնալով բանավեճերի և բուռն քննարկումների առիթ:
Վրաստանի և «Գազպրոմ»-ի բանակցությունների մասին ավելին՝ այստեղ: