Իսրայելն ուշադիր հետևելու է Իրանի միջուկային գործունեությանը

Իսրայելը չի թաքցնում իր դժգոհությունը Իրանի դեմ պատժամիջոցների վերացման առիթով: Հրեական պետության ղեկավարության կարծիքով՝ միջազգային հանրությունը ռազմավարական սխալ է թույլ տվել՝ Թեհրանին թույլ տալով անհապաղ մատչում ստանալ արևմտյան բանկերում ավելի վաղ սառեցված ակտիվներին:

«Խոսքը հարյուր միլիարդավոր դոլարների մասին է, որոնց մի մասը կուղղվի ահաբեկչական գործունեությանը, ինչն անմիջապես կհանգեցնի Մերձավոր Արևելքում իրավիճակի ապակայունացման»,- հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

Միևնույն ժամանակ, Նեթանյահուի խոսքով, Իսրայելը տվյալ դեպքում իրավիճակի վրա ազդելու շատ հնարավորություն չունի և միակ բանը, որ կարելի է անել՝ հետևել, թե ինչպես են կատարվելու Վիեննայում ստորագրված համաձայնության պայմանները:

Իսրայելի առաջնորդը վստահ է՝ Իրանի ղեկավարության՝ միջուկային զենք ստանալու ցանկությունը չի վերացել. «Թեհրանի ղեկավարության ներկայիս վարքագիծը միայն մարտավարական քայլ է»:

«Իսրայելի քաղաքականությունը մնում է նույնը՝ թույլ չտալ Իրանին ստանալ միջուկային զենք: Հստակ է մի բան, որ Իրանն այժմ կունենա ավելի շատ ռեսուրսներ՝ ահաբեկչական և ագրեսիվ գործունեություն ծավալելու համար ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում, և Իսրայելը պատրաստ է դիմագրավել ցանկացած վտանգի»,- Հրեական հեռագրային գործակալությունը մեջբերում է Նեթանյահուին:

Իսրայելի վարչապետը նաև տեղեկացրել է, որ ներկայում իր երկրի և ԱՄՆ-ի միջև ընթանում են քննարկումներ փոխըմբռնման մի փաստաթղթի շուրջ, որը վերաբերում է Իսրայել պետությանը անվտանգության ոլորտում ցուցաբերվելիք օգնությանը:

Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը

Հունվարի 16-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը վերացնում են Իրանի նկատմամբ պատժամիջոցները Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԵ-ի հայտարարությունից հետո, որ Իրանը կատարել է միջուկային ծրագրի մասով բոլոր պայմանները: Իրանի նկատմամբ Արևմուտքի երկրների պատժամիջոցները գործում էին 2005-ից՝ այդ երկրի կողմից միջուկային զենք ստեղծելուն ուղղված ծրագրի պատճառով:

Համաձայնությունը կայացել է Իրանի և Վեցնյակի երկրների միջև Վիեննայում կայացած բանակցություններից հետո:

Միջազգային պատժամիջոցների վերացման նախաշեմին ԱՄՆ-ն ու Իրանը փոխանակել են պատանդներին:

Հունվարի 18-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել իրանական ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք առնչություն են ունեցել 2015թ. աշնանը բալիստիկ հրթիռների փորձարկումների հետ:

Պաշտոնական Թեհրանն արձագանքել է Սպիտակ տան այդ քայլին՝ ԱՄՆ-ի նոր սահմանափակումները որակելով ապօրինի:

Պատժամիջոցների վերացումից անմիջապես հետո Իրանը, ի դեմս նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեի, հայտարարել է, որ մտադիր է մտնել նավթի շուկա և առաջիկայում երկնագույն վառելիքի արդյունահանումը ավելացնել օրական 500 հազ. բարելով. կես տարվա ընթացքում այդ ցուցիչը կարող է կրկնապատկվել: Ներկայում Իրանի Իսլամական Հանրապետությունն օրական արդյունահանում է 2,9 մլն բարել նավթ:

Ինչպես հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, նավթի արդյունահանման համար ենթակառուցվածքները վերականգնելու նպատակով Իրանին անհրաժեշտ է 500 մլրդ դոլար, մինչդեռ արգելքների վերացումից հետո Թեհրանը մատչում կստանա ընդամենը 55 մլրդ դոլարին համարժեք միջոցների, որոնք ավելի վաղ սառեցված են եղել:

Մեկնաբանել