Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից 1994թ. զինդադարի անտեսման և խախտման դեպքերի արդյունքում` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունն առերեսվում է անվտանգությանն ուղղված լրջագույն մարտահրավերներին. Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը` հունվարի 19-ին ելույթ ունենալով «Քաղաքացիական բնակչության պաշտպանություն» խորագրով Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը:
«Աճում են ԼՂ հետ շփման և Հայաստանի հետ սահմանային գծով խաղաղ բնակչության հրետակոծումները. դրանք հասել են աննախադեպ չափերի` կիրառվում է խոշոր տրամաչափի և ծանր հրետանի` խլելով սահմանային գյուղերի բնակիչների կյանքը: Միայն 2015թ․ սեպտեմբերին զոհվեց երեք կին։ Հայաստանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից զինադադարի միտումնավոր և նպատակային խախտումները, զուգորդված ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների խաթարմամբ: Ուստի, Հայաստանը կրկին կոչ է անում Ադրբեջանին հետամուտ լինել միջազգային հանրության կոչերին` ձևավորել զինադադարի խախտման դեպքերը քննող մեխանիզմ և հետ քաշել դիպուկահարներին: Այլապես, այն ստանձնում է բռնության և լարվածության աճի ամբողջ պատասխանատվությունը,- նշել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը:
Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտությունների կարգավորման խնդրում տարածաշրջանային կազմակերպությունների կարողությունների կիրառման լավագույն օրինակներից է:
«Հայաստանը բարձ է գնահատում միջազգային հանրության, ՄԱԿ-ի և նրա գլխավոր քարտուղարի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը ու կոչ է անում մերժել ՄԽ համանախագահության ջանքերի խաթարմանն ուղղված Ադրբեջանի բոլոր փորձերը»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը:
Նա նա նշել է, որ Հայաստանը կիսում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մտահոգությունը քաղաքացիական բնակչության պաշտպանության խնդրում, որի արդիականությունը հակամարտությունների գոտիներում չի նվազել: «Խնդրի մարդասիրական հարթությունից զատ, քաղաքացիական բնակչությանը սպառնում է ֆիզիկական գոյության և անպաշտպանվածության վտանգը: Թեպետ Անվտանգության խորհուրդը զգալի ջանքեր է գործադրում խնդրո առարկայի շուրջ առաջընթաց արձանագրելու ուղղությամբ, այնուհանդերձ, անհրաժեշտ է էլ ավելի վճռական գործելակերպ: Այս իմաստով կարևորվում է կանխարգելման դերը»,- նկատել է ՀՀ դեսպանը:
Մնացականյանը նաև ընդգծել է, որ նախևառաջ անհրաժեշտ է կրկնապատկել պատասխանատվության գործոնը, մասնավորապես, հակամարտությունների այն կողմերի համար, որոնք մերժում են խոցելի խմբերի տարրական անվտանգության ապահովումը և մարդասիրական օգնության ցուցաբերումը: