Կարեն Կարապետյանը 2016-ին տնտեսական չորս վտանգ է տեսնում

Կարեն Կարապետյանը:

Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ և ԱԺ պատգամավոր, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը 2016-ին բազմաթիվ տնտեսական վտանգներ է տեսնում Հայաստանի համար, որոնք գալիս են արտաքին միջավայրից, հատկապես Ռուսաստանի տնտեսությունում զարգացումներից: Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունն առավելապես զբաղված է «տնտեսական հրդեհներ հանգցնելով», քան թե ծրագրավորված գործունեությամբ: 1in.am կայքին տված հարցազրույցից մի հատված ներկայացված է ստորև:

2016 թվականը հղի է բազմաթիվ վտանգներով, որոնք, բնականաբար, բացասաբար ազդելով աշխարհի տարբեր երկրների տնտեսությունների վրա, չեն կարող շրջանցել մեր երկիրը: Միևնույն ժամանակ տեսնում եմ նաև որոշակի հնարավորություններ, որոնցից հարկավոր է ուղղակի օգտվել: Նախ՝ խոսենք վտանգների մասին, որոնք կարող են ունենալ թե ուղղակի, թե անուղղակի ազդեցություն: Դրանց շարքը բավական երկար է, սակայն ես կառանձնացնեմ չորս հիմնական կետեր: Բնական է, որ աշխարհում, հատկապես Եվրամիությունում տիրող տնտեսական գործընթացները, փախստականների գործոնը, եվրոյի մեծաքանակ էմիսիաներն իրենց բացասական հետևանքներն են թողնելու եվրոպական շուկայի կոնյունկտուրայի վրա, ինչի ազդեցությունը մենք էլ ենք զգալու: Այդ մասին դեռ առիթ կլինի խոսել: Այս անգամ առավելապես կանդրադառնամ Ռուսաստանի, ԵՏՄ-ի և մեր հարևան երկրների տնտեսական վիճակի ու դրանց ազդեցության մասին:

Հասկանալի է, որ տնտեսության շարժիչ ուժը ֆինանսական հոսքերն են: Տեսնենք, թե ինչ ունենք այս տեսակետից:

Առաջինը տրանսֆերտների նվազման հավանականությունն է: Հասկանալի է, որ նավթի գների շարունակական անկումը և ընդհանրապես աշխարհաքաղաքական վիճակից բխող տնտեսական որոշակի գործընթացներ իրենց բացասական ազդեցությունն են թողնելու Ռուսաստանի տնտեսության մեջ: Այդ վտանգը կանխազգալով էլ Ռուսաստանը 10 տոկոսի շրջանակներում սեկվեստր է իրականացնում: Կարծում եմ՝ արդեն տարվա կեսերին կնկատվեն որոշակի տագնապալից նոր նշաններ, և չի բացառվում, որ Ռուսաստանը դարձյալ ստիպված լինի դիմել սեկվեստրի: Իմ կարծիքով՝ հազիվ թե նշյալ 10 տոկոսը բավարար լինի: Ավելին, վատագույն կանխատեսումներով, որոնք իմ պատկերացմամբ բավական օբյեկտիվ են, նավթի գինը կարող է նվազել մինչև 20 դոլար, առավել ևս՝ իրանական կողմի հայտարարությունից հետո՝ այս տարվա ընթացքում զգալի քանակության նավթի պաշարներ շուկա հանելու մասին: Իհարկե, ռուսական նավթային ընկերությունները դարձյալ շահույթով կաշխատեն՝ հաշվի առնելով, որ ինքնարժեքն իրենց դեպքում 5-15 դոլարի շրջանակներում է, սակայն հասկանալի է, որ այդ շահույթները զգալիորեն կնվազեն, ինչի արդյունքում կնվազեն նաև մուտքերը պետբյուջե: Մյուս կողմից, նավթի գների նվազումը էական ազդեցություն կունենա ռուբլու վրա, որն ըստ մասնագետական վերլուծությունների, դեռևս կշարունակի անկումը՝ լավատեսական գնահատականներով փոխարժեքը 1 դոլարի դիմաց մինչև տարվա կես հասցնելով 85 ռուբլու: Իմ կարծիքով, այդ թիվը կարող է ավելի մեծ լինել, եթե, իհարկե, իրենք կանխարգելիչ միջոցառումներ չիրականացնեն (մասնավորաբար, որպես ԿԲ կողմից ներդրվող գործիք, կարող է իրականացվել ինտերվենցիա, ինչպես նաև մի շարք այլ քայլեր, որոնք ուղղված կլինեն տնտեսության մեջ ռուբլու հավասարակշռմանը): Ուստի բնական է, որ բյուջերի օպտիմալացումը և սեկվեստրը որոշակի նվազեցումներ կարձանագրեն մասնավորաբար շինարարության ոլորտում: Գաղտնիք չէ, որ մեր հայրենակիցներից շատերը Ռուսաստանում ներգրավված են հիմնականում այս ոլոտում, ինչը նշանակում է, որ նրանց հնարավորությունները տրանսֆերտների մասով, մեղմ ասած, կնվազեն: Հասկանալի է, որ այդ նվազումը անհամեմատ ավելի զգալի է լինելու դոլարային արտահայտությամբ:

Մյուս կողմից, Ռուսաստանը անցած տարիների ընթացքում օպտիմալ չօգտագործեց նավթարդյունաբերության ռեսուրսներից ստացված օգուտները, ինչի արդյունքում դրանք տնտեսության դիվերսիֆիկացիայի վրա էական ազդեցություն չունեցան, այսինքն՝ չդարձան նոր տեխնոլոգիաների կիրառմամբ հավելյալ արժեքի ստեղծման միջոցով տնտեսության այլ ճյուղերի զարգացման միջոց: Բնականաբար, առկա վիճակը բացասաբար է ազդելու ոչ միայն շինարարության, այլև մյուս ոլորտների վրա, ինչը կձևավորի վճարունակ պահանջարկի նվազում, ինչն էլ իր հերթին դարձյալ բացասաբար կազդի տրանսֆերտների ծավալների վրա:

Երկրորդը վարկային ռեսուսներն են: Գաղտնիք չէ, որ վարկային պորտֆելը բավական բարձր է և գնալով զգայուն է դառնում: Այս տեսակետից կա երկու ճանապարհ. կամ բարձրացնել վարկային պորտֆելները՝ բեռը թողնելով ապագայի վրա, կամ վարկերի ներգրավման հարցում ցուցաբերել ընդգծված զգուշություն և արդյունավետություն: Բնականաբար, ես կողմնակից եմ երկրորդ տարբերակին, առավել ևս, որ կարող են կամ նվազել այդ ռեսուրսները կամ ուղղակի բարձրանան տոկոսադրույքները՝ հաշվի առնելով ռիսկայնությունը:

Երրորդ վտանգն այն է, որ կնվազեն ներդրումները: Ընդ որում, խոսքը թե արտաքին, թե ներքին ներդրողների մասին է: Բնական է, որ պոտենցիալ ներդրողներ կարող են հանդիսանալ հատկապես ռուսական ընկերությունները, իսկ վերոնշյալ գործոնները հաշվի առնելով՝ ենթադրելի է, որ այստեղ ևս խնդիրներ կլինեն: Ինչ վերաբերում է ներքին պոտենցիալին, ապա առկա ոչ այնքան բարենպաստ բիզնես մթնոլորտը, շրջանառու միջոցների սղությունը, հաճախ ոչ ճիշտ կազմակերպական աշխատանքները, վարկային բարձր տոկոսադրույքներն ու ոչ բարվոք սպասումները՝ կապված արտաքին ազդակների հետ, հանգեցնում են ներքին ներդրողների էական պասիվության:

Վերջապես չորրորդ խնդիրը վերաբերում է արտահանման ծավալների անկմանը: Նախ, պետք է հաշվի առնենք, որ մեր երկրի արտահանման մեջ զգալի բաղադրիչ է լեռնամետալուրգիան: Իսկ քանի որ նավթի գները թե ուղղակի, թե անուղղակի փոխկապակցված են ոլորտի հետ, գնանկումն իր հետ ներքև է տանելու նաև լեռնամետալուրգիան: Մյուս կողմից, ռուբլու արժեզրկումը, ինչի մասին խոսեցինք, էականորեն ազդելու է դեպի ԵՏՄ երկրներ արտահանման ծավալների ու մրցունակության վրա, հատկապես գյուղմթերքների տեսակետից: Իսկ արտահանման ծավալների նվազման հետ բնականաբար էլ ավելի են նվազելու շրջանառու միջոցները՝ բոլոր բացասական հետևանքներով:

Հասկանալի է, որ տրանսֆերտների ծավալների, ներդրումների և արտահանման ծավալների նվազումը, վարկային ռեսուրսների սղությունը կամ բարձր տոկոսադրույքները հանգեցնելու են վճարունակ պահանջարկի նվազեցման և որոշակի սոցիալական լարվածության: Տեսեք, Համաշխարհային բանկի և պետբյուջեի կանխատեսումները 2016 թվականի համար ես գնահատում եմ բավական լավատեսական: Ենթադրում եմ, որ որոշակի ինդիկատորների ազդեցությունը մինչև ամառ մենք առավել շոշափելի կզգանք, և ենթադրելի է, որ Համաշխարհային բանկը նոր կանխատեսումներ կներկայացնի, երևի թե՝ առավել հոռետեսական, ինչից պետք է եզրահանգումներ անել:

Ցավոք, տարիներ շարունակ մենք զբաղված ենք առավելապես տնտեսության մեջ հրդեհներ հանգցնելով: Իհարկե, ասել, որ աշխատանքներ չեն իրականացվում, ճիշտ չի լինի, սակայն ակնհայտ է, որ դրանք դեռևս բավարար չեն: Մենք պետք է իրականացնենք ծրագրավորված գործունեություն, այլ ոչ թե սպասենք, թե երբ է հրդեհը մտնելու մեր տուն, որ այն հանգցնենք: Հակառակ պարագայում հետևանքները կլինեն անդառնալի:

Մեկնաբանել