Հունվարի 20-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում սկսվեցին զանգվածային անկարգություններ՝ կապված երկրի վարչապետի պաշտոնում դեմոկրատ Պավել Ֆիլիպի թեկնածության հաստատման հետ, հաղորդում են մոլդովական կայքերը:
Խորհրդարանի պաշարումը սկսվել է այն բանից հետո, երբ օրենսդիրները 101-ից 57 ձայնով հաստատել են նոր կառավարության կազմը՝ Պավել Ֆիլիպի գլխավորությամբ: Ցուցարարները ներխուժել են խորհրդարան ցերեկը և այնտեղից հեռացել երեկոյան՝ հատուկ ջոկատայինների միջամտությամբ: Հաղորդվում է, որ ցուցարարների դեմ կիրառվել է արցունքաբեր գազ:
Մոլդովայի աջ ընդդիմության՝ «Արժանապատվություն և ճշմարտություն» (DA) շարժման հարյուրավոր համախոհներ, ըստ TASS գործակալության, խորհրդարանից դուրս են եկել իրենց առաջնորդների հորդորով:
Ձախ ընդդիմության առաջնորդները իրենց համախոհներին կոչ են արել չմասնակցել անկարգություններին և ղեկավարության հրաժականի համար պայքարել խաղաղ ճանապարհով:
Ձախերը DA շարժման ներկայացուցիչների հետ համատեղ ելույթ են ունեցել հեռուստաեթերով և խոստացել այսօր՝ հունվարի 21-ին, խորհրդարանի մոտ հավաքել հազարավոր մարդկանց՝ պահանջելով եվրոպամետ կուսակցությունների՝ արդեն վեցերորդ տարին անընդմեջ իշխող դաշինքի հրաժարականը: Մոլդովայի ղեկավարությունը մեղադրվում է կոռումպացված և ոչ կոմպետենտ լինելու մեջ:
Եվրամիությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում Մոլդովայի հակամարտության կողմերին զսպվածության և երկխոսության կոչ է արել:
Մոլդովան տարին սկսել է առանց կառավարության՝ քաղաքական խոր ճգնաժամի մեջ: Երկիրն արդեն չորս ամիս է՝ ցնցում են զանգվածային բողոքի ակցիաներ, որոնց առիթ է հանդիսացել այսպես կոչված «դարի կողոպուտը». երկրի երեք խոշորագույն բանկերից 2015թ. գարնանը անհետացել էր մեկ մլրդ դոլար: Բողոքի ալիքի արդյունքում հոկտեմբերի վերջին Մոլդովայի խորհրդարանը անվստահության քվե էր հայտնել կառավարությանը, որը ձևավորել էր իշխող եվրոպամետ դաշինքը՝ Վալերի Ստրելեցի գլխավորությամբ:
2014թ. հունիսի 27-ին Մոլդովան՝ Վրաստանի և Ուկրաինայի հետ մեկտեղ ստորագրել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, այդուհանդերձ, երկրում արմատացած կոռուպցիան և քաղաքական անկայունությունը պարբերաբար քննադատվում են Բրյուսելի կողմից:
Մոլդովայի հանրության բողոքի պատճառների մասին ՍիվիլՆեթը զրուցել էր Մոլդովայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի դասախոս Նիկոլայ Աֆանասի հետ:
Ցուցարարները պաշարում են խորհրդարանի շենքը