Քեսապի վրա երկու «գրադ» է արձակվել

Արխիվային լուսանկար, Քեսապ, 2014թ. գարուն:

Հունվարի 20-ին` ժամը 15:15-15:30-ի սահմաններում, զինված ահաբեկչական խմբավորումների կողմից «գրադ» տեսակի երկու հրթիռ է արձակվել հայաբնակ Քեսապի վրա: Ինչպես հաղորդում են Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը, հրթիռներն արձակվել են Քեսապից 15-20 կմ հեռավորության վրա գտնվող Քելես և Մազրաաթ Սարաֆի շրջաններից:

Առաջին հրթիռն ընկել է Քեսապի մզկիթից 50 մ դեպի հյուսիս, իսկ երկրորդը՝ Քեսապի հայ ավետարանական Սբ Երրորդություն եկեղեցու հետևի թաղամասում։ Զոհեր չեն արձանագրվել, մեկ քաղաքացի վիրավորվել է: Արձանագրվել են նաև նյութական վնասներ:

***

Սիրիայում 2011-ից քաղաքացիական պատերազմ է ընթանում, որի հետևանքով զոհվել է ավելի քան 250 հազ. մարդ, միլիոնավոր սիրիացիներ դարձել են փախստական:

Բազմաթիվ սիրիահայեր պատերազմի հետևանքով ապաստան են գտել Լիբանանում և Հայաստանում:

2012-2015թթ. Հայաստան է եկել շուրջ 17 000 սիրիահայ, որից շուրջ 4000-ը մեկնել է այլ երկրներ: Ներկայում Հայաստանում տարբեր գնահատականներով մոտ 12 000 սիրիահայ կա, որոնց գերակշիռ մասը բնակվում է Երևանում:

Մեկնաբանել