Սիրիական բանակը ազատագրել է Լաթաքիայի շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` հայաբնակ Ղնեմիե գյուղը: Այս մասին հաղորդում է Հալեպի «Գանձասար» թերթը` վկայակոչելով սիրիական «Շամ Թայմզ» գործակալությունը:
Ղնեմիեն հայաբնակ գյուղ է եղել, որի բնակչությունը չորս տարի առաջ հեռացել էր զինված խմբավորումների ներխուժման պատճառով: Ղնեմիեում է գտնվում հայ առաքելական Սբ Գևորգ եկեղեցին, որը կառուցվել է 1875-ին Ղնեմիեի ժողովրդի կողմից։ Սակայն տեղացի տարեցների վկայությամբ` 1875-ին եկեղեցին նորոգվել է, իսկ մինչ այդ մոտավորապես 300 տարվա պատմություն է ունեցել:
«Գանձասար»-ի թղթակից Հովիկ Շեհիրյանի խոսքով` Ղնեմիեի` զինված խմբավորումների տիրապետության տակ եղած ընթացքում Սբ Գևորգ եկեղեցին մասամբ վնասվել է. իջեցվել է եկեղեցու խաչը, եկեղեցու սրահը հրկիզվել է, սակայն եկեղեցին կանգուն է։
***
Սիրիայում 2011-ից քաղաքացիական պատերազմ է ընթանում, որի հետևանքով զոհվել է ավելի քան 250 հազ. մարդ, միլիոնավոր սիրիացիներ դարձել են փախստական:
Բազմաթիվ սիրիահայեր պատերազմի հետևանքով ապաստան են գտել Լիբանանում և Հայաստանում:
2012-2015թթ. Հայաստան է եկել շուրջ 17 000 սիրիահայ, որից շուրջ 4000-ը մեկնել է այլ երկրներ: Ներկայում Հայաստանում տարբեր գնահատականներով մոտ 12 000 սիրիահայ կա, որոնց գերակշիռ մասը բնակվում է Երևանում: