ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի
Ափոսասնքով տեղեկացանք, որ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հրաժարական է տվել, գնահատում ենք նրա կատարած գերազանց աշխատանքը. այսպես է արձագանքել Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը ՀՀ 3-րդ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի հրաժարականին:
ԵՄ պատվիրակության հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Չափազանց կարևոր է նրա հետնորդի պատշաճ ընտրությունն ու այդ անձի լիակատար և անվերապահ անկախության երաշխավորումը: Եվրամիությունը հավատացած է, որ Հայաստանի հաջորդ օմբուդսմենը կնշանակվի Ազգային ժողովի կողմից կոնսենսուսի ճանապարհով և կկարողանա պահպանել առանցքային այս ինստիտուտի անկախությունը:
Պետական մարմինների կողմից օմբուդսմենի հանձնարարականներին հետևելն անկասկած կնպաստի Հայաստանում մարդու իրավունքների առավել պաշտպանվածությանը»:
ԵՄ պատվիրակության հաղորդագրության մեջ նաև ասված է, որ Միության կողմից օմբուդսմենի ինստիտուտի առանձնահատուկ կարևորման մասին է վկայում 2015թ. դեկտեմբերի 11-ին Եվրամիության ու Հայաստանի միջև ստորագրված՝ Մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ 12 մլն եվրո բյուջեով ֆինանսական համաձայնագիրը, որը այդ թվում միտված է օմբուդսմենի գրասենյակի հզորացմանը:
***
Հունվարի 12-ին Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում ներկայացրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից: Հունվարի 18-ին Անդրեասյանը կրկնեց իր հրաժարականը: Համաձայն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի` օմբուդսմենի լիազորությունները դադարում են, երբ նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում էիր հրաժարականը:
Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում պաշտպանի ընտրություններն անցկացվում են պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 1 ամսվա ընթացքում:
Օրեր առաջ Կարեն Անդրեասյանի հրաժարականի առիթով հայտարարությամբ էր հանդես եկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը, որում ափսոսանք էր հայտնել օմբուդսմենի հրաժարականիորոշման կապակցությամբ:
Անդրեասյանի խոսքով` իր հրաժարականի պատճառը բազմաշերտ է: