Սերժ Սարսգյանի հանդիպումը Հասան Ռոհանիի հետ Թեհրանում, օգոստոս, 2013թ.:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին քննարկել են հայ-իրանական հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր:
Նախագահները մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին պայմանավորվածությունների իրագործման պայմաններում երկկողմ կապերի հետագա զարգացման նոր հնարավորությունների վերաբերյալ, անդրադարձել նաև այդ ամենի դրական ազդեցությանը` ուղղված տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդմանը:
«Իրանի նախագահն ընդգծել է Հայաստանի հետ բարիդրացիական, սերտ գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման, փոխգործակցության ընդլայնման և խորացման ուղղությամբ ակտիվ աշխատանք իրականացնելու իր երկրի պատրաստակամության մասին: Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին կարևորել են շարունակել երկու երկրների համատեղ ջանքերի շնորհիվ արդյունավետ և անխափան համագործակցությունը բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների և հեռանկարային նոր նախաձեռնությունների իրագործման ուղղությամբ` առավելագույնս օգտագործելով առկա ողջ ներուժը».- ասված է նախագահականի հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցի ընթացքում համաձայնեցվել են առաջիկա հանդիպումների ծրագրերը: