Հունվարի 22-ին Երևանի «Անի» հյուրանոցում կայացավ «Անալիտիկոն» ամսագրի դեկտեմբեր ամսվա «2015-ի դասերը» խորագրով թեմատիկ համարի հանրային քննարկումը:
Ամսագրի յուրաքանչյուր դեկտեմբերի համարը նվիրվում է տարվա արդյունքների ու դասերի ամփոփմանը:
Քննարկման սկզբում համարի հեղինակներից Աննա Բարսեղյանը, որն ամփոփել էր ԵՄ-ի հարևանության քաղաքականության փոփոխությունը, ներկայացրեց հոդվածում տեղ գտած հիմնական դրույթները: Նա 2015-ի համար կարևորեց հատկապես երկու իրադարձություն, որոնք էլ ընկան հարևանության քաղաքականության փոփոխման հիմքում: Առաջինն «Արևելյան գործընկերության» շրջանակում կայացած Ռիգայի գագաթաժողովն էր, իսկ երկրորդը` հուլիսի 9-ին Եվրոպական խորհրդարանում ընդունված բանաձևի հիման վրա նոյեմբերի 18-ին ընդունված Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայված քաղաքականության փաստաթուղթը: Մատնանշվեց, որ ԵՄ-ի որդեգրած այս նոր քաղաքականության հիմքում ընկած է տարբերակման սկզբունքը, որը թույլ է տալիս «Արևելյան գործընկերության» անդամ յուրաքանչյուր երկրի, ըստ իր հարաբերությունները խորացնելու պատրաստակամության աստիճանի, շարունակել ԵՄ-ի հետ հարաբերությունները: Այս համապատկերում առանձնակի ուշադրության արժանացան ԵՄ-Հայաստան հարաբերություններում տեղի ունեցող վերջին իրադարձությունները և բանակցային նոր փուլի մեկնարկը:
Համարի մեկ այլ հեղինակ՝ Դավիթ Ստեփանյանը, անդրադարձ կատարեց 2015-ին Հայաստանում ռուսական ռազմավարության փոփոխության միտումներին: Նշվեց, որ ներկայում ՌԴ-ն փորձում է Ռուսաաստանում ապրող հայ մեծահարուստներին մտցնել հայաստանյան քաղաքական դաշտ և այդ կերպ իր համար ավելի կառավարելի դարձնել Հայաստանի ներքին քաղաքականությունը:
Ամփոփվեցին նաև Թուրքիայում տեղի ուենցած կարևոր իրադարձությունները՝ 2015-ը որակելով պատմական տարի: Թուրքիայի համար անցած տարին հարուստ էր ներքաղաքական և արտաքին քաղաքական իրադարձություններով, որոնց շրջանակում առանձնացվեցին խորհրդարանական ընտրությունները, քրդական խնդրի ակտիվացումը, զանգվածային ահաբեկչությունների իրականացումը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և ռուս-թուրքական հարաբերությունների սրումը:
Քննարկման մասնակիցներն առանձնացրին իրենց համար տարվա նշանակալի դեպքերը, որոնց թվում նշվեցին նավթի գների անկումը, կլիմայական փոփոխություններին նվիրված Փարիզի համաժողովը, ռուս-ուկրաինական հակամարտությունը և դրա հետ կապված զարգացումները, Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը, Հայաստանում սահամանադրական հանրաքվեի անցկացումը, հասարակական շարժումների ակտիվացումն ու մարումը և մի շարք այլ իրադարձություններ: