ՌԴ ՊՆ-ն հերքում է Կամիշլիում ավիաբազա ստեղծելու մասին լուրերը, որոնք ավելի վաղ հրապարակել էին արևմտյան մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես, Fox ու CNN հեռուստաընկերությունները:
«Սիրիայի Արաբական Հանրապետությունում ոչ մի նոր ավիաբազա կամ լրացուցիչ օդանավակայան չկա և ստեղծելու մտադրություն էլ չկա»,- ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Գեներալ-մայորի խոսքով՝ նման հրապարակումները «կեղծիք են» կամ «անհաջող փորձ՝ քողարկելու Թուրքիայի կողմից սիրիական սահմանին՝ Կամիշլիի շրջակայքում, զորքերի տեղակայումը»:
«Մենք բազմիցս ընդգծել ենք, որ Սիրիայում ռուսաստանյան ավիախմբի ինքնաթիռների թռիչքի ժամանակը դեպի երկրի ամենահեռավոր կետը մոտ կես ժամ է կազմում»,- ասել է Կոնաշենկովը՝ նշելով, որ, այսպիսով, «այդ հարցի շուրջ լուրջ մտորել կարող են միայն բացարձակ անտեղյակները»:
***
Անցյալ շաբաթ ամերիկյան Fox և CNN հեռուստաընկերությունները, հղում անելով պաշտոնատար անձանց, հաղորդել են, որ Ռուսաստանը, հնարավոր է, Սիրիայի հյուսիս-արևելքում նոր ավիաբազա հիմնելու համար տեղ է ընտրում, և որ նման քայլը կարող է է՛լ ավելի բարդացնել իրադրությունը տարածաշրջանում:
Ըստ հաղորդագրությունների՝ ռուսաստանցի մի խումբ զինծառայողներ, այդ թվում՝ ինժեներներ, Թուրքիայի հետ սահմանին գտնվող սիրիական Կամիշլի քաղաքում այցելել են լքված օդանավակայան: Ամերիկացի պաշտոնյաներից մեկը վերոհիշյալ այցը «ուշագրավ» է անվանել:
Ռուսաստանի ռազմաօդային ուժերը անցյալ տարվա սեպտեմբերի 30-ից օպերացիա են սկսել Սիրիայում՝ այդ երկրի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով: ՌԴ օդային-տիեզերական ուժերը տեղակայված են Հմեյմիմ և Լաթաքիա ավիաբազաներում: