Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Ռուսաստանից քաղաքական ապաստան չի խնդրել. 2015թ. արդյունքներն ամփոփող այսօրվա մամուլի ասուլիսին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Ոչ ոք ոչ մի քաղաքական ապաստան որևէ մեկից չի խնդրել, ոչ ոք նման բան չի առաջարկել»,- հայտարարել է Լավրովը:
Նա հերքել է նաև շրջանառվող տեղեկությունները, թե Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության նախկին ղեկավարը Ասադին առաջարկել է հրաժարական տալ:
«Ես տեղյակ եմ նման շահարկումներից, որոնք տարածվել են՝ վկայակոչելով հանգուցյալ Իգոր Սերգունին. իբր նա այցելել է Դամասկոս և առաջարկել Ասադին հեռանալ: Դա ճիշտ չէ»,- ասել է Լավրովը:
Ավելի վաղ Financial Times պարբերականը, հղում անելով արևմտյան հետախուզական անանանուն աղբյուրներին, գրել էր, թե ՌԴ ԶՈՒ Գլխավոր հետախուզական վարչության նախկին ղեկավար, հանգուցյալ Իգոր Սերգունը այցելել է Դամասկոս, որպեսզի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունից Սիրիայի նախագահին առաջարկի հեռանալ: Պարբերականի վարկածով՝ Ասադը մերժել է առաջարկը: