ԼՂ կարգավորման «Լավրովի փաստաթուղթ» գոյություն չունի, ասում է Լավրովը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված «Լավրովի փաստաթուղթ» գոյություն չունի, հունվարի 26-ին` 2015թ. արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Լրագրողի խնդրանքով մեկնաբանելով մամուլում վերջերս շրջանառվող լուրերը, թե ղարաբաղյան կարգավորման բանակցությունների սեղանին դրված է այսպես կոչված «Լավրովի փաստաթուղթ կամ առաջարկություններ», Ռուսաստանի արտոգրծնախարարն ասել է.

«Որևէ «Լավրովի փաստաթուղթ» կամ այլ մեկի փաստաթուղթ դեռ գոյություն չունի: Կան մի շարք փաստաթղթեր` չորսից հինգ, հնարավոր է` վեց, որոնք համանախագահները պատրաստել են ղարաբաղյան կարգավորման բանակցությունների տարբեր փուլերում, երբ խոսք է եղել այն մասին, որ որպես առաջին քայլ` նախապատրաստվեն հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները, ապա այդ հիմնարար սկզբունքների հիման վրա պատրաստվի համաձայնագիր, որը կունենա իրավաբանորեն պարտավորեցնող, այլ ոչ թե քաղաքական բնույթ: Այդ փաստաթղթի զանազան տարբերակները (այն փոփոխությունների է ենթարվել 2007-ից մինչև 2010-2011 թթ. ընկած ժամանակահատվածում) ի պահ հանձնվել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին և դեպոնացված վիճակում գտնվում են կազմակերպության պահոցներում: Դրանք միակ թղթերն են, որոնք կարելի է փաստաթուղթ անվանել` հաշվի առնելով այն, որ այդ` պաշտոնապես գոյություն ունեցող փաստաթղթերից և ոչ մեկը դեռևս չի հանգեցրել ղարաբաղյան իրավիճակի բոլոր բաղարիչների գործնական լուծմանը, իսկ աշխատանքը տարվում է «ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ» սկզբունքով»:

Ռուսաստանի արտգոծնախարարը նշել է, որ դեռ սկսած 2010-ից, երբ Ռուսաստանի նախագահը Դմիտրի Մեդվեդևն էր, ռուսական կողմը ջանքեր է գործադրել` գտնելու հանգուցալուծումներ այն հարցերի համար, որոնց շուրջ կողմերը դեռևս չեն եկել համաձայնության:

«Դա օգնեց ինչ-որ տեղ առաջընթաց արձանագրել: Այնուհետև բավական տևական դադար եղավ 2011թ. հունիսին Կազանի գագաթաժողովից հետո, երբ հակառակ սպասումներին` չհաջողվեց համաձայնության գալ հիմնարար սկզբունքների վերաբերյալ փաստաթղթի շուրջ: Այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը հերթական անգամ Ռուսաստանի նախագահ ընտրվեց, նա հանդիպեց Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ: Երեք նախագահների հանձնարարությամբ մենք փորձեցինք վերականգնել ջանքերը` ուղղված հանգուցալուծումներ գտնելուն: Այդպիսի հանգուցալուծումներ այժմ փնտրվում են գաղափարների և բարձր մտորումների մակարդակով:

Ես մի քանի հանդիպումներ եմ ունեցել Հայաստանի և Ադրբեջանի իմ պաշտոնակիցների հետ: Մենք այդ ամենը քննարկում ենք նաև ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահների հետ: ԵԱՀԿ-ում դեպոնացված փաստաթղթերից բացի` այլ փաստաթղթեր գոյություն չունեն: Մնացածը փնտրտուք է և մտքի գրոհ»,- ասել է Լավրովը:

Մեկնաբանել