Թեհրանը մտադիր է Airbus-ից 114 ինքնաթիռ գնել

Ֆրանսիան և Իրանը հատուկ նշանակություն են տալիս Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ այսօր մեկնարկող երկօրյա այցին Ֆրանսիա: Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչները վերջին անգամ Ֆրանսիայում եղել են 1999թ.:

Նախօրեին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ կողմերը կքննարկեն մի շարք կարևոր հարցեր, այդ թվում, իրավիճակը մերձավորարևելյան տարածաշրջանում, սակայն առանցքային հարցն անշուշտ Թեհրանի և Փարիզի տնտեսական համագործակցության ընդլայնումն է լինելու:

Ֆաբիուսը տեղեկացրել է նաև, որ Ռոհանիի այցի ընթացքում հավանություն է տրվելու ճանապարհային քարտեզին, որը սահմանելու է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման փուլերը:

Այցի առաջին օրը Ռոհանին բանակցություններ է վարելու ոչ միայն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, այլև ֆրանսիացի ձեռնարկատերերի հետ: Իրանի ղեկավարին ուղեկցում են մի շարք նախարարներ և մոտ հարյուր գործարար:

Պաշտոնական Թեհրանն արդեն հայտարարել է, որ նախատեսվում է Airbus ընկերությունից 114 ինքնաթիռ գնելու վերաբերյալ համաձայնագրի կնքում:

Ֆրանսիական Le Monde թերթը գրել է, որ ինքնաթիռների թիվը կարող է հասնել 127-ի, իսկ գործարքի արժեքը՝ 18,5 մլրդ եվրոյի:

Երկար ժամանակ մեկուսացման մեջ գտնված Իրանն այսօր ստիպված է գրեթե ամբողջությամբ թարմացնել իր ավիացիոն պարկը: Ներկայում Ւսլամական Հանրապետությունն ունի 256 քաղաքացիական ինքնաթիռ, որոնց միջին տարիքը 20 տարի է:

Հունվարի 25-ին մեկնարկել է Հասան Ռոհանիի եվրոպական շրջագայությունը, որի առաջին կանգառը Իտալիան էր: Ռոհանին հանդիպումներ է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի և վարչապետ Մատեո Ռենցիի, ինչպես նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ: Հունվարի 25-ին Իրանի և Իտալիայի ընկերությունների միջև կնքվել են 17 մլրդ եվրոյի գործարքներ:

Իրան-Վեցնյակ համաձայնագրից շահել է ԵՄ-ն

Իտալիա այցի ավարտին կայացած մամուլի ասուլիսին Հասան Ռոհանին ասել է, որ Իրան-Վեցնյակ համաձայնագրի կնքումից շահել են եվրոպացիները:

Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Ռոհանին, մասնավորապես, նշել է, որ պատժամիջոցներից առաջ Իրանը կապեր չի ունեցել ԱՄՆ-ի հետ, իսկ պատժամիջոցների փուլում Ռուսաստանն ու Չինաստանը շարունակել են պահպանել տնտեսական հարաբերությունները Թեհրանի հետ: Հետևաբար, ըստ Ռոհանիի, Իրանի դեմ պատժամիջոցներից ամենաշատը տուժել է Եվրամիությունը:

***

Հունվարի կեսին ԱՄՆ-ն ու Եվրամիությունը վերացրել են Իրանի նկատմամբ պատժամիջոցները Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԵ-ի հայտարարությունից հետո, որ Իրանը կատարել է միջուկային ծրագրի մասով բոլոր պայմանները: Իրանի նկատմամբ Արևմուտքի երկրների պատժամիջոցները գործում էին 2005-ից՝ այդ երկրի կողմից միջուկային զենք ստեղծելուն ուղղված ծրագրի պատճառով:

Համաձայնությունը կայացել է Իրանի և Վեցնյակի երկրների միջև Վիեննայում կայացած բանակցություններից հետո:

Միջազգային պատժամիջոցների վերացման նախաշեմին ԱՄՆ-ն ու Իրանը փոխանակել են պատանդներին:

Հունվարի 18-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել իրանական ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք առնչություն են ունեցել 2015թ. աշնանը բալիստիկ հրթիռների փորձարկումների հետ:

Մեկնաբանել