Հատուկ գնդից՝ Հայկական բանակ

Հայկական բանակի օր նշվում է ամեն տարվա հունվարի 28-ը, քանի որ 1992 թվականի այդ օրը Հայաստանի կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշումը:

Իրականում, Հայկական բանակի ստեղծման ակունքները հասնում են մինչև 1990-ի օգոստոս, երբ Խորհրդային Հայաստանում իշխանության եկավ Հայոց համազգային շարժումը՝ մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթելով կոմունիստներին:

Նորընտիր վարչապետ, ՀՀՇ-ի գաղափարախոս Վազգեն Մանուկյանը օգոստոսի 21-ին ստորագրեց թիվ 411 հրամանագիրը, որը կրում էր «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշումը ներքին գործերի նախարարությանն առընթեր հատուկ ստորաբաժանումներ ստեղծելու մասին»: Ընդ որում, ստորաբաժանումը ձևավորվելու էր կամավորության սկզբունքով:

Որոշման մեջ մասնավորապես ասվում էր. «Ելնելով Գերագույն խորհրդի կողմից հռչակված նպատակից՝ սկսելու անկախ պետականություն հաստատելու գործընթացը, սահմանակից շրջանների պաշտպանության, խմբակային զինված հանցագործությունների դեմ պայքարի անհրաժեշտությունը… Նախարարների խորհուրդը որոշում է ստեղծել հանրապետության պաշտպանության և հասարակական կարգի պահպանության հատուկ ստորաբաժանումներ»:

Ավելի հստակ՝ դա Հատուկ գունդն էր, որի առաջնային խնդիրներից էր «սահմանամերձ շրջանների պաշտպանության և բնակչության անվտանգության ապահովումը»:

Հետագայում Վազգեն Մանուկյանն ասել է.

«Որպես վարչապետ ես ստորագրեցի հրամանը՝ ստեղծել պաշտպանության կոմիտե, հրամանը կար, չէի հրապարակում, սպասում էի, որ հարմար պահ լինի, Մոսկվայի գլուխը ուրիշ բանով զբաղված լինի, որ այդ հրամանը տանենք առաջ առանց վտանգելու քաղաքական մեր իրավիճակը: Եվ դա հաջողվեց, ստեղծվեց Պաշտպանության կոմիտեն»:

Մի քանի օր անց՝ 1990-ի օգոստոսի 29-ին, Գերագույն խորհրդի նախագահ և երկրի փաստացի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությամբ Հայոց ազգային բանակը՝ ՀԱԲ-ը, զինաթափ արվեց:

Վազգեն Մանուկյան. «Ոչ կարգավորված խմբերը միշտ մեծ վտանգ են ներկայացնում երկրի կայունության և պաշտպանության հարցում: Մեզ պետք էր բոլոր կռվող տղաներին մտցնել կառույցների մեջ: Հատուկ գնդի ձևավորումը կարծես թե միակ հնարավոր լուծումն էր: Զինված ջոկատների տղաների մի մասը համաձայնեցին մտնել այդ գնդի մեջ: Նույնիսկ ուրախացան, որովհետև նրանք ուզում էին ծառայել իրենց հայրենիքին, և դա օրինական ճանապարհ էր, կառավարության որոշումով իրենք զենք էին վերցնում իրենց ձեռքը և ծառայում հայրենիքին»:

«Որպես վարչապետ ես ստորագրեցի հրամանը՝ ստեղծել պաշտպանության կոմիտե, հրամանը կար, չէի հրապարակում, սպասում էի, որ հարմար պահ լինի, Մոսկվայի գլուխը ուրիշ բանով զբաղված լինի, որ այդ հրամանը տանենք առաջ առանց վտանգելու քաղաքական մեր իրավիճակը: Եվ դա հաջողվեց, ստեղծվեց Պաշտպանության կոմիտեն»,- հետագայում ասել է Վազգեն Մանուկյանը:

Խորհրդային Հայաստանի ներքգործնախարար (1990-1991) Կարլոս Ղազարյանը ասել է. «Ես մեկնեցի Մոսկվա, որպեսզի հիմնավորեմ Հատուկ գնդի ստեղծման նպատակը: Այն ժամանակ նախարարը Բակատինն էր: Կառավարության որոշումը կար, բայց Մոսկվան դեռ կար, մենք պարտավոր էինք այդ հարցերը կարգավորել: Ես Հայաստանի ղեկավարությանը` Լևոն Տեր-Պետրոսյան, Բաբկեն Արարքցյան, Վազգեն Մանուկյան, խնդրեցի, որ իմ բացակայության ժամանակ շքերթներ, ցուցադրական այլ բաներ չարվեն, որպեսզի ես Մոսկվային կարողանամ ապացուցել, որ գունդը հասարակական կարգի պահպանման նպատակով է ստեղծված: Բակատինը սեղանին դրեց թերթը և ասաց. «Դուք բանա՞կ եք ստեղծում»: Ասացի՝ ոչ, մենք ստեղծում ենք գունդ հանցագործության դեմ պայքարը ուժեղացնելու նպատակով»:

Սեպտեմբերի 2-ին ստեղծվեց կազմավորման հիմնադիր խումբ՝ Վազգեն Սարգսյանի ղեկավարությամբ: Նա Գերագույն խորհրդում հանդես եկավ հայտարարությամբ և կոչ արեց անդամագրվել կառույցին: Սեպտեմբերի 3-ին առաջին զինվորագրվողները արդեն շարքեր էին կանգնել Գերագույն խորհրդի շենքի մոտակայքում: Երկու օրում գրվեց 1200 դիմում: Մանդատային հանձնաժողովը մինչև սեպտեմբերի 23-ը 2000-ից ընտրեց 800-ին:

Կարլոս Ղազարյան. «Դժվարություններ եղան, տղաներից շատերը չէին ուզում, որ գունդը լինի միլիցիայի` ՆԳՆ կազմում: Հետագայում նրանցից շատերը դարձան ՆԳՆ աշխատակիցներ: Սկզբում չէին ուզում հագուստ: Մենք միլիցիայի հագուստ չհագցրեցինք, այլ ներքին զորքերի: ՆԳՆ-ն երկու տեսակ հագուստ ուներ»:

Սեպտեմբերի 15-ին Կառլոս Ղազարյանը՝ Վազգեն Սարգսյանի համաձայնությամբ, Հատուկ գնդի հրամանատար նշանակեց Սերգեյ Առաքելյանին:

Սկզբնական շրջանում գունդը կազմված էր 26 վաշտից. մայրաքաղաքային վեց վաշտ, որոնք ընդգրկված էին առաջին և երկրորդ գումարտակներում, մեկ դեսանտային վաշտ և սահմանային հատուկ վաշտեր:

Սեպտեմբերի 24-ին գնդի կազմավորման ընթացքին ծանոթանալու համար հավաքակայան այցելեցին Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը, հոգևորականներ: Այդ օրը կայացավ զինվորական քայլերգով ուղեկցվող շքերթ:

«Հասնինք Սասուն, մտնինք Վան` Մուշ, Ալաշկերտ, Արդահան»,- երգելով անցնում էին Հատուկ գնդի ներկայացուցիչները: Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ գնդի երդման հանդիսավոր արարողությունը: Ներկա էր նաև վարչապետ Վազգեն Մանուկյանը:

Սերգեյ Առաքելյան. «Առաջինը ես ընդունեցի երդում ամբողջ գնդի առաջ: Աստվածաշնչի վրա դնում էինք ձեռքը, մյուս ձեռքին բռնած կարդում է երդման տեքստը, որից հետո ստորագրում»:

Գուրգեն Մելքոնյանը գնդի հրամանատարներից էր. «Հայկական բանակ էր ստեղծվում, հայերեն էինք երգում: Հրամանները տրվում էին հայերեն: Հուզմունքից բոլորը լաց էին լինում: Ովքեր համազգեստ ունեին, հատկապես մեծ մարդիկ, օձիքներ էին կրել: Սափրված էին: Կային որոշ մարդիկ, որոնք չէին ուզում մորուքներից հրաժարվել: Ֆիդայությունից դառնում էին զինվորական: Մեծ մասը երդվել էր, որ իրենք իրենց մորուքները կսափրեն այն ժամանակ, երբ Արցախը ազատագրված կլինի, կլինի մերը»:

Վազգեն Մանուկյանը ողջույնի խոսքում ասաց. «Այժմ մենք ունենք մեր հանրապետությունը: Այն դեռ լրիվ անկախ չէ: Բայց մենք քայլում ենք այդ ուղղությամբ և կհասնենք քաղաքական, տնտեսական անկախության: Մենք կունենանք հզոր պետություն, հզոր բանակ, հզոր տնտեսություն և կվերադարձնենք մեր նախնիների փայլը»:

Այսպես դրվեց Հայկական բանակի հիմքը:

Դա այն բանակն էր, որ կերտեց Արցախյան հաղթանակը:

Մեկնաբանել