Ֆրանսիան նոր գլուխ է բացել Իրանի հետ հարաբերություններում՝ վերջին 17 տարում առաջին անգամ Փարիզում ընդունելով Իրանի նախագահի: Փարիզը Ռոհանիի եվրոպական շրջագայության հերթական կանգառն է. մինչ այդ նա Իտալիայում էր, որտեղ հանդիպումներ է ունեցել այդ երկրի նախագահի և վարչապետի հետ, ապա այցելել Վատիկան և հանդիպել Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ:Ֆրանսիայի և Իրանի ղեկավարներ Ֆրանսուա Օլանդի և Հասան Ռոհանիի բանակցությունները կայացել են Ելիսեյան պալատում հունվարի 28-ին: Դրանք տևել են ավելի քան երկու ժամ և եզրափակվել մոտ 30 փաստաթղթերի կնքմամբ:
«Այսօր մեր երկրների միջև հարաբերություններում նոր գլուխ է բացվում,- հայտարարել է Օլանդը:- Դա օգտակար կլինի ոչ միայն մեր երկրների, այլև ամբողջ աշխարհի համար»:
«Մեր տնտեսական համագործակցությունը պետք է համապատասխանի մեր երկրների պոտենցիալին և զարգանա բոլոր ուղղություններով»,- հավելել է Օլանդը:
Հասան Ռոհանին իր հերթին նշել է, որ Փարիզի և Թեհրանի դիրքորոշումները բազմաթիվ դեպքերում համընկնում են, մասնավորապես, «ահաբեկչության արմատները գտնելու և դրան հակազդելու հարցում»:
«Մենք ցանկանում ենք հարթել Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև տարաձայնությունները, այդ թվում՝ ներկայիս լարվածությունը, բանականության և բանակցությունների ճանապարհով»,- ասել է Իրանի առաջնորդը:
Անդրադառնալով Սիրիային՝ Ռոհանին նշել է, որ այդ երկիրը չափազանց կարևոր է Իրանի համար:
«Սիրիացիները դարձել են փախստական, երկրի մեծ մասը ավերված վիճակում է, և մենք պարտավոր ենք օգնել սիրիացի ժողովրդին»,- իրանական IRNA գործակալությունը մեջբերում է Հասան Ռոհանիին:
Ինչ վերաբերում է Սիրիայի ապագային, ապա, ըստ Իրանի ղեկավարի, այն պետք է վճռի սիրիացի ժողովուրդը:
«Նա, ով պայքարում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռացման համար, ցանկանում է տիրանալ զենքին՝ վարչակարգը փոխելու և սիրիացիների իրավունքները ոտնահարելու համար: Այո՛, Սիրիայում կա քաղաքական կարգավորման խնդիր, սակայն խնդիրը լուծելու համար է, և դա սիրիացի ժողովրդի գործն է»,- հայտարարել է Ռոհանին:
Ֆրանսուա Օլանդն իր հերթին նկատել է, որ քաղաքական անցումային գործընթացը Սիրիայում հնարավոր է: Օլանդի խոսքով՝ Ֆրանսիան և Իրանը մտադիր են համատեղ պայքարել Մերձավոր Արևելքում ահաբեկչության ֆինանսավորման դեմ:
«Ահաբեկիչները մեր ընդհանուր թշնամին են, նրանք սպառնում են և՛ Ֆրանսիային, և՛ Իրանին»,- նշել է Ֆրանսիայի ղեկավարը:
Ռոհանիի փարիզյան այցի ընթացքում կնքված համաձայնագրերն ընդգրկում են բազմաթիվ ոլորտներ՝ գյուղատնտեսությունից ու առողջապահությունից, մինչև բանկային սեկտոր և մեքենաշինություն: Նախնական տվյալներով՝ համաձայնագրերի ընդհանուր թիվը կազմում է մոտ 15 մլրդ եվրո:
Հունվարի 28-ին Թեհրանի և Փարիզի միջև կքնվել է նաև նախատեսված համաձայնագիրը՝ Airbus ընկերությունից 118 օդանավ գնելու վերաբերյալ:
Ինչպես գրում է Airbus-ի պաշտոնական կայքը, Իրանն այդ ընկերությանն ընտրել է իր ավիացիոն պարկը թարմացնելու և արդիականացնելու համար:
«Իրանի թռչող հանրության համար պարզվել է երկինքը, և Airbus-ը հպարտ է ողջունել Իրանի կոմերցիոն ավիացիայի վերադարձը միջազգային քաղավիացիայի ընտանիք»,- համաձայնագրի կնքման ժամանակ հայտարարել է Airbus ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Ֆաբրիս Բերժյեն:
Միևնույն ժամանակ, Total ֆրանսիական կորպորացիան իրանցի գործընկերների հետ կնքել է հում նավթի գնման վերաբերյալ գործարք: Նախատեսվում է, որ մատակարարումների ծավալը կկազմի օրական 150-200 հազ. բարել:
Իրանի հետ համագործակցություն են սկսում նաև ֆրանսիական առաջատար մեքենաշինական ընկերությունները: Այսպես՝ Peugeot Citroën կոնցեռնը մտադիր է համատեղ ձեռնարկություն ստեղծել իրանական Iran Khodro ընկերության հետ:
Հասան Ռոհանին և Ֆրանսուա Օլանդը առանձին ուշադրություն են դարձրել նաև մշակութային համագործակցությանը. համաձայնագիր է ստորագրվել Իրանի մշակույթի նախարարության և Լուվր թանգարանի միջև: Փարիզն ու Թեհրանը նաև պայմանավորվել են միավորել ջանքերը՝ ուղղված մերձավորարևելյան մշակութային ժառանգության պահպանությանը:
Ռոհանիի եվրոպական շրջագայությունը
Հունվարի 25-ին մեկնարկել է Հասան Ռոհանիի եվրոպական շրջագայությունը, որի առաջին կանգառը Իտալիան էր: Եվրոպա մեկնելուց առաջ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ Թեհրանը վճռական է Եվրոպական Միության հետ հարաբերությունները ընդլայնելու հարցում: Վերջին անգամ Իրանի ղեկավարը Եվրամիության պետությունում եղել է ավելի քան տասը տարի առաջ: Փորձագետները Ռոհանիի եվրոպական շրջագայության արդյունքում ներդրումային բում են ակնկալում:
Իտալիայում Ռոհանին հանդիպումներ է ունեցել այդ երկրի նախագահ Սերջիո Մատարելլայի և վարչապետ Մատեո Ռենցիի, ինչպես նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ: Հունվարի 25-ին Իրանի և Իտալիայի ընկերությունների միջև կնքվել են 17 մլրդ եվրոյի գործարքներ:
Իտալիա այցի ավարտին կայացած մամուլի ասուլիսին Հասան Ռոհանին ասել է, որ Իրան-Վեցնյակ համաձայնագրի կնքումից շահել են եվրոպացիները: Ռոհանին, մասնավորապես, նշել է, որ պատժամիջոցներից առաջ Իրանը կապեր չի ունեցել ԱՄՆ-ի հետ, իսկ պատժամիջոցների փուլում Ռուսաստանն ու Չինաստանը շարունակել են պահպանել տնտեսական հարաբերությունները Թեհրանի հետ: Հետևաբար, ըստ Ռոհանիի, Իրանի դեմ պատժամիջոցներից ամենաշատը տուժել է Եվրամիությունը:
Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը
Հունվարի կեսին ԱՄՆ-ն ու Եվրամիությունը վերացրել են Իրանի նկատմամբ պատժամիջոցները Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԵ-ի հայտարարությունից հետո, որ Իրանը կատարել է միջուկային ծրագրի մասով բոլոր պայմանները: Իրանի նկատմամբ Արևմուտքի երկրների պատժամիջոցները գործում էին 2005-ից՝ այդ երկրի կողմից միջուկային զենք ստեղծելուն ուղղված ծրագրի պատճառով:
Համաձայնությունը կայացել է Իրանի և Վեցնյակի երկրների միջև Վիեննայում կայացած բանակցություններից հետո:
Միջազգային պատժամիջոցների վերացման նախաշեմին ԱՄՆ-ն ու Իրանը փոխանակել են պատանդներին:
Հունվարի 18-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել իրանական ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք առնչություն են ունեցել 2015թ. աշնանը բալիստիկ հրթիռների փորձարկումների հետ: