Հաագայի դատարանը կքննի 2008թ. ռուս-վրացական պատերազմը, Թբիլիսին ողջունել է որոշումը

Թբիլիսին ողջունել է Հաագայի Միջազգային քրեական դատարանի որոշումը՝ 2008թ. ռուս-վրացական հակամարտության ընթացքում զինվորական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների հետաքննություն սկսելու վերաբերյալ:

Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիի խոսքով՝ դատարանի «որոշման ձևակերպումները համապատասխանում են Վրաստանի ազգային և պետական շահերին և ճշգրիտ են իրավական տեսանկյունից:

«Որոշման մեջ, մասնավորապես, մի քանի անգամ նշվում է, որ Հարավային Օսիան անկախ պետություն չէ և հանդիսանում է Վրաստանի մաս,- ասել է Ցուլուկիանին: – Նաև ասված է, որ Հաագայի դատարանը հաշվի է առնում միայն այն քննչական միջոցառումները, որոնք անցկացվել են մի կողմից Ռուսաստանի, մյուս կողմից՝ Վրաստանի կողմից, և չի հաշվի առնելու ու չի կարող հաշվի առնել այն քննչական միջոցառումները, որոնք, հնարավոր է, անցկացվել են Հարավային Օսիայի դե-ֆակտո իշխանությունների կողմից, քանի որ Հարավային Օսիան անկախ պետություն չէ»:

Միջազգային քրեական դատարանի որոշման մեջ ասված է, որ դատավորները հիմնավոր են համարել դատախազ Ֆատու Բենսուդայի միջնորդությունը՝ քննչական գործողություններ սկսելու վերաբերյալ: Նման միջնորդությամբ դատախազը դատավորների կոլեգիային դիմել էր 2015թ. հոկտեմբերի 13-ին:

Դատախազ Ֆատու Բենսուդան եզրակացրել էր, որ «ողջամիտ հիմքեր կան ենթադրելու, որ 2008թ. զինված հակամարտության ընթացքում կատարվել են Հաագայի դատարանի իրավասության տակ ընկնող հանցագործություններ»:

Միջազգային քրեական դատարանի իրավասությունը չի տարածվում Ռուսաստանի վրա, քանի որ նա չի վավերացրել Հռոմի ստատուտը [ՄՔԴ հիմնադիր պայմանագիր – ՍիվիլՆեթ], չնայած այն ստորագրել է 2000թ.: Իսկ ահա Վրաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը 2003թ.:

2008թ. հակամարտության ընթացքում տեղի ունեցած հանցագործությունների թվում նշվում են սպանություններն ու բնակչության բռնի տեղահանումը:

Միջազգային քրեական դատարանի՝ օգոստոսյան պատերազմի ընթացքում հանցագործությունների հետաքննություն սկսելու որոշումը ողջունել է նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

«Կարծում եմ՝ շատ լավ է, որ այդ գործընթացը սկսվել է: Բոլոր նյութերը, որոնք հավաքվել են Վրաստանում անցկացված հետաքննության արդյունքում, կարող ենք ներկայացնել դատարանին, և իհարկե, առավելագույնս պաշտպանել Վրաստանի շահերը», – հայտարարել է Կվիրիկաշվիլին:

***

Վրաստանի և նրանից անջատված Հարավային Օսիայի հակամարտությունը թեժ փուլ մտավ 2008թ. օգոստոսի 8-ին: Դրան նախորդել է լարվածության երկարատև շրջան: Միջազգային հանձնաժողովն իր անցկացրած հետաքննության արդյունքներով հայտարարել է, որ վրացական զինուժը հրետակոծել է Հարավային Օսիայի տարածքը: Վրացական կողմը պնդում է, որ օպերացիան սկսել է հարավօսական ստորաբաժանումների կողմից մի քանի վրացական գյուղերի ոչնչացմանն ի պատասխան: Արձագանքելով Հարավային Օսիայում սկսված իրադարձություններին՝ Ռուսաստանը սկսել է «խաղաղության պարտադրման»գործողություններ՝ հիմք ընդունելով ռուս խաղաղապահների վրա հարձակումները:

Պաշտոնական Թբիլիսին Ռուսաստանի գործողությունները որակում է «ագրեսիա», մինչդեռ Մոսկվան դրանք անվանում է«խաղաղապահ օպերացիա»:

2008թ. օգոստոսի ռազմական գործողություններից հետո Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը: 2008թ. սեպտեմբերի 2-ին վրացական կողմը որոշում է ընդունել Ռուսաստանի Դաշնության հետ դիվանագիտական կապերը խզելու մասին:

Մեկնաբանել