Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում կրկին զինված բախումներ են ընթանում թուրք ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) միջև, գրում է Ermeni Haber-ը՝ հղում անելով թուրքական «Zaman» թերթին:
Ըստ հաղորդագրությունների՝ PKK-ի մարտիկները դիրքավորվել են Դիարբեքիրի Սբ Կիրակոս հայկական եկեղեցում և այնտեղից կրակ բացել թուրք զինվորների վրա:
Akunq.net -ը, հղում անելով թուքական լրատվամիջոցներին, գրում է, որ մարտիկները, թունել փորելով, թափանցել են հայկական եկեղեցի և այնտեղից կրակ բացել, ինչի հետևանքով սպանվել է 3 զինվոր և 1 ոստիկան: Վիրավորվել է 6 զինվոր:
Բախումների արդյունքում Սբ Կիրակոս եկեղեցին վնաս է կրել, և մտավախություն կա, որ այն կարող է է՛լ ավելի մեծ վտանգի առաջ կանգնել:
***
Մերձավոր Արևելքի ամենամեծ եկեղեցիներից մեկի՝ Սբ Կիրակոսի վերաբացումն ու օծումը տեղի է ունեցել 2011-ի հոկտեմբերին:
2010թ. Դիարբեքիրի «Սբ Կիրակոս եկեղեցի» հիմնադրամի նախաձեռնությամբ սկսվել են եկեղեցու վերանորոգման աշխատանքները, որոնց օժանդակել է Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը: Եկեղեցու վերանորոգման աշխատանքներին իր մասնակցությունն է բերել Դիրաբեքիրի Բույուքշեհիրի շրջանի քաղաքապետարանը` հատկացնելով 1 մլն թուրքական լիրա: Երկուսուկես տարի տևած վերանորոգման աշխատանքներն ավարտվել են 2011թ. տարվա հոկտեմբերին, երբ վերաբացվել է եկեղեցին:
2012թ. նոյեմբերի 4-ին Դիարբեքիրի Սբ Կիրակոս հայկական եկեղեցում 98 տարի ընդմիջումից հետո պատարագ է մատուցվել:
Սբ Կիրակոս եկեղեցու զանգակատունը քանդվել էր 1914թ. թնդանոթային հարվածի հետևանքով: Հայոց ցեղասպանությունից հետո Դիարբեքիրում մնացած հայերը շարունակում էին խնամել եկեղեցին, սակայն 1980թ. Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո, երբ շրջանում բնակվող վերջին հայերը հեռացել են, եկեղեցին հայտնվել է լքված վիճակում: