Շիրակի մարզում գտնվող և լեռնային կլիմա ունեցող Բասեն գյուղական համայնքը արևի ճառագայթման մեծ ներուժ ունի՝ տարեկան մոտ 1800 կՎտ/մ2: Հենց այստեղ, սիրելով արևն ու օգտագործելով դրա հնարավորությունները, հաղթահարվել է լեռնային համայնքներին բնորոշ մոռացված և անտեսված լինելու բարդույթը: Բասենը թերևս Հայաստանի «ամենականաչ», էկոլոգիապես մաքուր համայնքներից է՝ այլընտրանքային տեխնոլոգիաների կիրառման տեսանկյունից: Իսկ ամեն ինչ սկսվել է համայնքի ղեկավար Համլետ Պետրոսյանի փոքր երազանքից, հեղաշրջում անելու երիտասարդական պատրաստակամությունից:
«1992 թվականին դեռ իններոդ դասարանում էի սովորում, կարողացա քամին ի օգուտ մեզ, մեր ընտանիքի կիրառել: Ինձ ստիպելով ստեղծեցի էդ կառույցը, և ապացուցեցի, որ եթե էս կյանքում մի փոքր ձգտես, ցանկություն ունենաս, ամեն ինչի էլ կհասնես»,- պատմում է գյուղապետը:
Համայնքի ղեկավար ընտրվելուց հետո Համլետ Պետրոսյանը համայնքի մի քանի ակտիվ այլ երիտասարդների հետ որոշել է ստեղծել այնպիսի համակարգ, որի կիրառմամբ կարելի կլինի հասնել մեծ խնայողությունների: Անկանոն տաք ջրամատակարարումը անարդյունավետ էր, խանգարում էր մանկապարտեզի և սպորտդպրոցի լիարժեք գործունեությանը, չէր ապահովում հարմարավետ պայմաններ երեխաների և մարզվողների համար ու ֆինանսական բեռ էր համայնքի համար:
Առաջին մեծ ծրագիրն իրականացրել է «Բիոսոֆիա» հասարակական կազմակերպությունը, իսկ հիմնական դոնորը ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն է: Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի՝ GEF-ի Փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսական աջակցությամբ` նախագծի շրջանակում Բասենի մանկապարզտեզն ընտրվել է փորձագիտական տարածք:
Հաշվի առնելով տարածաշրջանի արևային էներգիայի օգտագործման մեծ ներուժը՝ ծրագրով կառուցվել է արևային ջրատաքացուցիչ համակարգ, որը մանկապարտեզի խոհանոցը և սպորտդպրոցի ցնցուղարանն ապահովում է մշտական տաք ջրով, իսկ մանկապարտեզի ճաշասենյակը՝ ջեռուցմամբ: Արդյունքում համայնքի տարեկան տնտեսումը կազմել է 500 հազար դրամ: Համայնքի ղեկավարի խոսքով՝ դժվար էր բնակիչներին հավատացնել, որ այլընտրանքային էներգիայի աղբյուր օգտագործող նման համակարգն արդյունավետ է:
Այնուհետև կառուցվել է 60 քառակուսի մետր մակերեսով ջերմատուն, որի բարիքներից օգտվում են համայնքի փոքրիկները: Այստեղ բանջարեղենը մշակվում է օրգանական պարարտանյութ արտադրող կալիֆոռնիական որդերով, որոնք բազմացվում են կենսահումուսի արտադրամաս մինի-ֆերմայում: Դրանք սովորական անձրևորդերից երեք անգամ արագ են պարարտանյութ արտադրում: Անցած տարի ստացվել է հինգ հարյուր կիլոգրամ բերք, իսկ 2014-ին՝ 450: Ջերմատանը կից տեղակայված են օդատաքացուցիչ և չորանոց, որոնք նույնպես աշխատում են արևային էներգիայով:
Բուսաբուծությունը բավական ռիսկային է այս համայնքում, քանի որ տարածաշրջանում հաճախակի երևույթներ են ցրտահարությունները, կարկտահարությունը և երաշտը: Արժեքավոր շատ մշակաբույսեր, կլիմայական պայմաններից ելնելով, չեն աճեցվում: Հետևաբար անհրաժեշտություն կա մարզում խթանել եկամտի այլընտրանքային աղբյուրների զարգացումը, մասնավորապես ջերմոցային բուսաբուծության մշակույթի ներմուծումը և ջերմոցային տնտեսությունների զարգացումը: Այս ջերմատան օրինակով արդեն ստեղծվել է երկրորդը՝ ավելի մեծը: Իսկ արևային ջրատաքացուցիչներ կարելի է տեսնել համայնքի 12 առանձնատների տանիքներին:
Համայնքի բնակիչ Մելանյա Թադևոսյանը խոստովանում է, որ գյուղի գազաֆիկացված չլինելու պայմաններում արևային ջրատաքացուցիչների տեղադրումը մեծ առաջընթաց քայլ էր: Երկու տարի է՝ օգտագործում են և շատ գոհ են, որովհետև ամռան և ձմռան ամիսներին ունեն անվճար տաք ջուր: «Բավական առաջադիմական քայլեր կան գյուղում և´ լուսավորման, և´ ճանապարհների ասֆալտապատման, և´ ջրատաքացուցիչների տեղադրման տեսանկյունից: Կարկտահարության կայաններ կան, որոնք նույնպես օգտակար են գյուղացու համար»,- ասում է նա:
Համայնքի ղեկավար Համլետ Պետրոսյանը ոգևորությամբ նշում է, որ համատեղ ծրագրերի իրականացման արդյունքում Բասենում իրոք հեղափոխություն կա.
«Մեզ մոտ մարդիկ կային, ասում էին՝ էկել են, գյուղացուն խրատ կուտան, թե կովը ինչըղ կթեն, դաշտըն ինչըղ ցանեն: Բայց մենք հեչ բան չգիտեինք. ո´չ գիտեինք՝ կովը ինչ է, կովին ինչ է պետք, ո´չ էլ դաշտը ինչըղ մշակինք, ինչըղ վերջացնինք: Ծրագրի շրջանակներում մի օրվա դասախոսության մեջ բնակիչներին ցույց տրվեց՝ ինչպես կարելի է հողը մշակել առանց քիմիական պարարտանյութեր օգտագործելու, ինչպես միջատների դեմ պայքարել առանց քիմիայի: Հասկացա, որ մրջյունը, էն որ քայլում է հողի վրա, ավելի շատ օգուտ է տալիս, քան մարդիկ, որովհետև բնության մեջ շղթան կտրված չէ միջատների ու կենդանիների պատճառով: Շղթան կտրողը մարդն է: Մենք հիմա պետք է մեզի հասկացնենք, որ էդ շղթայի բաղկացուցիչ մասն ենք մենք»:
Համայնքի ղեկավարի խոսքով՝ «կանաչ» համայնքի օրինակին են հետևել նաև հարևան համայնքներ Առնուտը, Հովիտը, Երազգավորսը, որտեղ արդեն սկսել են տեղադրվել արևային ջրատաքացուցիչներ: Տարբեր ծրագրերի իրականացման արդյունքում ստեղծվել է «Բասեն» համայնքային զարգացման հիմնադրամը, որում կուտակվում են վերականգնվող էներգիայի համակարգի շահագործման միջոցով խնայված միջոցները: Այս հիմնադրամի ուժերով հաջողվել է կառուցել սարից եկող ջրագիծ ու ստեղծել բիովառելիքի արտադրամաս, իսկ մանկապարտեզի տարածքում՝ բիոգազի արտադրություն:
Բիովառելիքի անհրաժեշտության մասին Համլետ Պետրոսյանն ասում է.
«Մենք ծղոտը դաշտում այրում ենք՝ դրանով ստեղծելով բնապահպանական խնդիրներ՝ արտանետում, օդի ջերմաստիճանի բարձրացում: Այդպես չի կարելի: Այրելուց հետո հողի վերևի շերտը մենք ամբողջովին ավերում ենք: Դա ընդունելի չէ: Էս տեխնոլոգիան կիրառելով՝ մենք փորձում ենք, որ էդ դաշտում այրվող ծղոտը տեղափոխվի համայնք»:
Բիովառելիքի արտադրության շենքի սենյակներից մեկում նախատեսվում է զբաղվել հիդրոպոնիկայով ու աճեցնել անասնակեր: Բնակիչները կարող են ծղոտը, անպիտան փշերը կամ այլ բուսական մնացորդներ բերել այս արտադրամաս, որտեղ դրանք կգրանուլացվեն ու կվերածվեն բիովառելիքի:
Բասենում բնապահպանական այլ ծրագրերից են անվար ցանքի տեխնոլոգիայի կիրառումը, ճանապարհային լուսավորության համար էներգախնա լուսադիոդների տեղադրումը, հարակից Փամբակի լանջերից մեկին անտառածածկերի հիմնումը: Այսքանից հետո Համլետը հավատացած է՝ մեր բնությունն անկրկնելի է:
«Քարի մեջ էլ գեղեցկություն կա, մենք չէինք նկատել: Ստեղից լավ մենք երկիր չունենք: Եթե երկիրդ կսիրես, ուրեմն պիտի էնպես բաներ էնես, որ էս հոսանքներին հակառակ էրթաս: Ոչ թե հելնիս էս հոսանքի մեջ էրթաս կործանվես, այլ հակառակ էրթաս, հետո մի տեղ պարապ կլնի, կուգան հետևիցդ կէրթան: Մեր հողը յուրահատուկ է, մեր արևը յուրահատուկ է, իսկ էդ արևը չի կարելի անտեսել, պետք է կիրառել և օգտագործել մեր կենցաղում: Ես կըրնամ ըսել, որ Երկրագնդի ամենահարուստ երկիրը մեր երկիրն է, որովհետև մեր ռեսուրսը անփոխարինելի է: Այ մեր ռեսուրսը մեր գլխի մեջ է: Մենք ամեն ինչ ունինք»,- ասում է Բասենի համայնքապետը:
Այսպես մտածում է ոչ միայն համայնքապետը, այլև մյուս բնակիչները:
Գոհար Տեր-Հակոբյան