Գազի գնի իջեցման հնարավորությունն ակնհայտ է. Հովիկ Աբրահամյան

Կարծում եմ, որ համաշխարհային տնտեսության և աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված` ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլև հնարավորությունը. կառավարության փետրվարի 4-ի նիստին այսպիսի հայտարարություն է արել վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Հայաստանի Հանրապետության տնտեսավարողների համար էական է իրենց արտադրանքի մրցունակությունը չխաթարող էներգակիրների գինը: Մենք շահագրգռված ենք, որ հանրապետության էական ենթակառուցվածք հանդիսացող «Գազպրոմ-Հայաստան» ընկերությունը լինի կայուն և խելամտորեն շահութաբեր, սակայն տնտեսության և բնակչության համար ևս գները պետք է լինեն մատչելի և շահավետ»,- ասել է Աբրահամյանը:

Նա նշել է, որ գազի սպառման ծավալների նվազումը ակնհայտորեն վկայում է, որ ընկերությունը կարող է ունենալ ավելի մեծ հասույթներ՝ ավելի ցածր գների դեպքում:

«Կարծում եմ, որ «Գազպրոմ-Հայաստան» ընկերության ղեկավարությունը մեծ անելիքներ ունի այս բիզնես տրամաբանությունը հանրությանը և իր վերադասին ներկայացնելու գործում, ինչի արդյունքում թե՛ «Գազպրոմ» ընկերության, թե՛ Ռուսաստանի Դաշնության համար հստակ կդառնա մեր բանակցային առաջարկի փոխշահավետ բնույթը»,- ասել է վարչապետը:

***

Հունվարի կեսերին կենցաղային ապրանքների և սննդամթերքի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողներ Հովիկ Աբրահամյանին խնդրել էին՝ ելնելով էներգակիրների գների համաշխարհային դինամիկայից, ԵՏՄ անդամակցության շրջանակում դիմել ՌԴ-ին` ներմուծվող գազի սակագնի նվազեցման և արտադրողների համար ազգային արժույթով գնագոյացման խնդրանքով: Տնտեսվարողների հետ հանդիպմանը վարչապետն ասել էր, որ «էներգակիրների հարցով Հայաստանի իշխանությունները դիմել են Ռուսաստանի իշխանություններին և հաշվի առնելով ՌԴ գործընկերության ռազմավարական բնույթը` ակնկալում են ստանալ հարցի դրական լուծում»:

Մեկնաբանել