Կառավարությունը չեղարկեց մարզահամերգային համալիրը վաճառելու որոշումը

Կռավարությունը փետրվարի 11-ի նիստին չեղյալ է համարել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը» վաճառելու մասին անցած տարվա իր որոշումը և լուծարել է «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ընկերության հետ կնքված առքուվաճառքի պայմանագիրը:

Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի խոսքով` որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ին օտարված պետական սեփականություն հանդիսացող գույքի դիմաց վճարումները սահմանված ժամկետներում չեն իրականացվել:

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում պաշտպանության նախարարությունը պետք է լուծի «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ի հետ 2015թ. սեպտեմբերի 1-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը:

***

Կառավարությունը 2014թ. օգոստոսի 21-ի նիստում որոշում էր ընդունել բյուջեին ունեցած պարտքի դիմաց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանձնել պաշտպանության նախարարությանը` «Գույք` պարտքի դիմաց» կառավարության միջոցառումների շրջանակում: Մարզահամերգային համալիրը մինչ այդ յոթ անգամ աճուրդի էր հանվել` յուրաքանչյուր անգամ 10% ավելի ցածր գնով, սակայն այդպես էլ չէր վաճառվել: ՍիվիլՆեթն ավելի վաղ գրել էր, որ համալիրը աճուրդի է հանվել կառավարության գաղտնի որոշումների հետևանքով։ Կառավարությունը համալիրին 2012թ. գաղտնի որոշմամբ տրամադրած է եղել մոտ 23 մլն դոլարի բյուջետային վարկ՝ գիտակցելով, որ ընկերությունն այն չի կարողանալու մարել:

2015թ. օգոստոսի 13-ի նիստին կառավարությունը որոշում էր կայացրել պաշտպանության նախարարության հաշվեկռշում գտնվող և ՀՀ սեփականությունը հանդիսացող «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ը վաճառքի ձևով օտարել «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ին։ Գույքը վաճառվել էր ընդամենը 20 օր առաջ ստեղծված կազմակերպությանը 30 մլն դոլարով:

Մեկնաբանել