Ստամբուլում սպանության կասկածանքով ձերբակալվածների թվում կան ՀՀ քաղաքացիներ. ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ստամբուլում հայ ընտանիքի վրա հարձակման գործով ձերբակալվածների մեջ, նախնական տվյալներով, կան ՀՀ քաղաքացիներ:

«Հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները սահմանափակված են Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով»,- ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

ՀՀ արտաքին գերատեսչությունը տեղեկացրել է նաև, որ անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ փետրվարի 9-ի երեկոյան Թուրքիայի իրավապահները Տրապիզոնում ձերբակալել են փետրվարի 6-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում ազգությամբ հայ 85-ամյա Հակոբ Դեմիրջիին սպանելու և նրա տունը կողոպտելու մեջ կասկածվող երեք անձանց: Նույն օրը Ստամբուլում ձերբակալվել են հանցագործության իրականացմանն աջակցած ևս հինգ հոգի:

Տեսագրությունների համադրության շնորհիվ պարզվել է, որ կասկածյալները մեկնել են Տրապիզոն: Ըստ վարկածի՝ վերջիններս փորձել են կեղծ փաստաթղթերով Վրաստանի տարածքով Հայաստան անցնել: Կասկածյալներից հինգը կանայք են:

Թուրքական Hurriyet-ը գրում է, որ որոշ շրջանակների կարծիքով՝ սպանությունը կարող էր կատարված լինել ազգայնական հողի վրա, քանի որ հիշեցնում է Ստամբուլի նույն թաղամասում 2007թ. Ակօս պարբերականի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը:

Մեկնաբանել