ՄԽ ձևաչափը ընդլայնելու Բաքվի պահանջը ապակառուցողական է. ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպան

Arman-KirakosyanԵվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը փետրվարի 11-ին հանդես է եկել հայտարարությամբ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին:

Ինչպես հաղորդում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, դեսպան Կիրակոսյանը նշել է, որ հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի քաղաքականությունն է՝ ուղղված հակամարտող կողմերի միջև հավասարակշռության խախտմանը, ինչպես նաև Բաքվի՝ տնտեսական ու ռազմական կարողությունների օգտագործման միջոցով իր կամքը Հայաստանին և Արցախին պարտադրելու փորձերը:

Նա արձանագրել է, որ վերջին 25 տարում Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը փոփոխություններ չի կրել:

Դեսպան Կիրակոսյանը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծի և հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից ռազմական սադրանքների, այդ թվում՝ ծանր սպառազինությունների կիրառման ու դիվերսիոն ներթափանցումների առնչությամբ:

Հայաստանի առաքելության ղեկավարը վերահաստատել է հայկական կողմի աջակցությունը Մինսկի խմբի համանախագահության համաձայնեցված ձևաչափին: Նա մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը հարցականի տակ է դնում համանախագահ երկրների երկար տարիների փորձառությունն ու ջանքերը հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Կիրակոսյանի խոսքով` հետևողական հարձակումները Մինսկի խմբի համանախագահության վրա ուղղված են հակամարտության կարգավորման դեմ և նպատակ են հետապնդում արդարացնել Ադրբեջանի կողմից համանախագահների առաջարկների մերժումը: Նա մտահոգիչ է համարել Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարության մեջ կրոնական գործոնի շահարկումը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի՝ ինքնությամբ ու կրոնական պատկանելությամբ պայմանավորված կողմնակալ մոտեցումների վերաբերյալ անհիմն մեղադրանքները վտանգում են հակամարտող կողմերի հասարակություններին խաղաղության նախապատրաստումը:

ՀՀ դեսպանը նշել է, որ Մինսկի խմբի ձևաչափի ընդլայնման վերաբերյալ Ադրբեջանի պահանջներն ապակառուցողական են և բացասաբար են ազդում խաղաղ կարգավորման գործընթացի վրա:

Արման Կիրակոսյանն ապակառուցողական է որակել Ադրբեջանի ջանքերը ԼՂ հիմնահարցի կարգավորումը դրանով չզբաղվող միջազգային այլ հարթակներ տեղափոխելու ուղղությամբ, ինչը որևէ նպաստ չի բերում բանակցային գործընթացին: Որպես օրինակ նա նշել է վերջերս ԵԽԽՎ-ում ԼՂ հիմնահարցի վերաբերյալ սադրիչ հակահայկական զեկույցի ընդունման ձախողումը: