Ընտրական օրենսգրքի բարեփոխումը կարող է իրականացվել համագործակցաբար. ԵՄ

head-of-eu-delegation-ambassador-piotr-switalski ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի

ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխումը կարող է իրականացվել համագործակցաբար, և բոլոր շահագրգիռ կողմերին խրախուսում ենք գործադրել բոլոր խելամիտ ջանքերը` լայն կոնսենսուս ձեռք բերելու համար. այս մասին ասված է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության` սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագիտական խմբի վերջնական զեկույցի մասին հայտարարության մեջ:

«Իշխանության կողմից հանրային վստահության մակարդակը բարձրացնելու ջանքերն ամրապնդելու համար հարկ է համաձայնության գալ այնպիսի էական խնդիրների շուրջ, ինչպիսիք են ընտրացուցակները, քվեաթերթիկների հաշվարկը, ընտրություններից հետո ընտրացուցակների հավանական հրապարակումը կամ որևէ այլ միջոց, որը կլուծի Հայաստանում չգտնվող քաղաքացիներին ընտրացուցակներում ներառելու հավանական չարաշահումների մասին ձևավորված ընկալումների հարցը, ինչպես նաև  արդյունքների ամփոփումը:

Հարկ է բարելավել ընտրացուցակների ճշգրտությունը և հարկ է ներմուծել բազմակի քվեարկության դեմ արդյունավետ և հետևողական երաշխիքներ՝ անկախ ընտրողների անձն արդյունավետ կերպով հաստատող առկա փաստաթղթերի տեսակից: Սույն երաշխիքները պետք է նպաստեն արդեն մյուս տարի նախատեսվող խորհրդարանական ընտրությունների արդյունքների օրինականության ավելի բարձր մակարդակի ապահովմանը:

Բողոքների և բողոքարկումների համար օրենսդրական հենքը հարկ է վերանայել՝ երաշխավորելու ավելի արդյունավետ միջոցներ հնարավոր չարաշահումների դեմ: Կրկնում ենք, որ առանց բոլոր ենթադրյալ կեղծիքների թափանցիկ հետաքննության, ինչպես նաև այդ կեղծիքների փաստերի հաստատման դեպքում առանց համապատասխան միջոցառումների ձեռնարկման՝ հանրաքվեն կվերածվի բաց թողնված հնարավորության և չի ծառայի Հայաստանում ընտրական գործընթացների արդարացիության և դրանց նկատմամբ վստահության բարձրացմանը»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին իր ներքին քաղաքական, սոցիալական և տնտեսական բարեփոխումների գործընթացներում, երկկողմ համագործակցության համար առաջիկա նոր իրավական շրջանակների հիման վրա և Արևելյան գործընկերության ավելի ընդգրկուն համատեքստում:

ԵՄ-ն նաև կոչ է անում 2017թ․ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ապահովել ինչպես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին լիարժեք դիտորդական առաքելության, այնպես էլ տեղական դիտորդների ներկայությունը:

***

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը փետրվարի 5-ին ներկայացրել էր դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ վերջնական զեկույցը, որում հեղինակները քննադատել էին Հայաստանի իշխանություններին, հայտնել էին մի շարք մտահոգություններ և հանդես էին եկել հանձնարարականներով: «Մտահոգություն է առաջացնում հնարավոր շահարկման այն փաստը, որ ընտրողների ցուցակներում ընդգրկված են արտերկրում ապրող բազմաթիվ մարդկանց անուններ, ովքեր իրավասու են քվեարկել միայն այն դեպքում, եթե ֆիզիկապես գտնվեն երկրում: Քաղաքական կուսակցությունները և քաղաքացիական հասարակությունը վերահաստատել են իրենց վաղեմի առաջարկությունը՝ հասարակական ստուգման համար հանրությանը ներկայացնել քվեարկած անձանց ցուցակները, որը կարող է ծառայել երաշխիք՝ ընդդեմ ընտրախախտումների: Իշխանությունների շարունակվող դժկամությունը՝ քննարկել այս և այլ հնարավոր երաշխիքները կանխարգելելու շահարկումները, խարխլում է հասարակության վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ»,- նշել էին զեկույցում եվրոպացի դիտորդները:

Փետրվարի 9-ին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, լրագրողների հետ հանդիպմանը խոսելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցի մասին, ասել էր. «Ընտրական օրենսգիրքը, ընտրական գործընթացները Հայաստանում բարելավման կարիք ունեն, և ԺՀՄԻԳ-ի զեկույցը դրա հերթական ապացույցն է: Դրան լրջորե´ն վերաբերվեք: Կատարե´ք տնային աշխատանքը: Հայաստանի ժողովուրդը, Հայաստան պետությունը մեծապես կշահեն, եթե այդ հանձնարարականները, այդ քննադատական մեկնաբանությունները ի կատար ածվեն»: