Սերժ Սարգսյանի տեքստն ու իրականությունը

serzh sargsyanՓետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26-ում ելույթ ունեցավ սահմանադրական փոփոխությունների իրագործման վերաբերյալ։ Ինչպես միշտ, Սարգսյանի ելույթը կտրված էր իրականությունից և դրանում գերակշռում էր պաթոսը։

Սարգսյանը հայտարարեց, թե արդար աչքի առկայության դեպքում հնարավոր է առաջընթաց տեսնել։ Նա չպարզաբանեց, թե օրինակ ինչ ոլորտներում առաջընթաց կա, որ մարդիկ չեն տեսնում: Իսկ այ մի քանի ընտրյալ, ունենալով արդար աչք, տեսնում են այդ առաջընթացը։ Մի քանի ճչացող թվեր կան, որոնք հակառակն են ապացուցում։ Օրինակ, Սարգսյանի կառավարման տարիներին ամենամեծ տնտեսական անկումն ենք ունեցել, աղքատությունը 26 տոկոսից աճել է 37 տոկոսի, Հայաստանը 300 հազարից ավել մարդ է լքել, ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ դեռ չի հասել 2008թ. մակարդակին։

Ըստ Սարգսյանի բոլորն էլ մտածում են, թե ինչպես անել, որ հայրենասիրությունը երբեք սոսկ խոսք չլինի։ Փորձը ցույց է տալիս, որ բոլորի մեջ չեն մտնում իշխանության ներկայացուցիչները, որովհետև նրանց գործունեությունը լրիվ այլ բան է ապացուցում։ Նա նաև ասաց, որ սահմանադրական փոփոխությունները ինչ-որ մասնավոր հարցեր լուծելուն միտված փոփոխություններ չեն, այլ մեր խնդիրները լուծելու համար կատարված քայլ։ Սարգսյանը փորձեց իբր պատասխանել այն մեղադրանքներին, որ Սահմանադրությունը փոխվել է իր վերարտադրաության համար։ Երևի նա մոռացել էր 2014թ. իր խոստումը, որ վարչապետի պաշտոնում չի առաջադրվելու և անցած դեկտեմբերին այդ խոստման դրժումը։ Քաղաքականության մեջ մնալու Սարգսյանի ցանկությունը ևս ապացուցում է, որ Սահմանադրությունը փոխել է իր վերարտադրության համար։

Հետաքրքիր է, որ Սարգսյանն իր ելույթում դժգոհեց իշխանության հանդեպ քննադատական ելույթների ցածր որակից։ Իրականում դժվար է որակյալ քննադատական ելույթ ունենալ Սեյրան Սարոյանի, Շուշան Պետրոսյանի, Մհեր Սեդրակյանի, Մարգարիտ Եսայանի մասին։ Ավելի դժվար է որակյալ պատասխանել «տենց եք մտածում, որ խիյարը թարս է բուսնում», «եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես», «շանսը ո՞րն ա, իմ շանսը 100-ից 90 խփեմ, 80 խփեմ, թե 60, էդ ա։ Ինչքան ուզես՝ էնքան խփենք» մտքերին։

Սարգսյանը առաջարկեց «սովորույթի մակարդակի հասցնել հարգանքը քաղաքական մշակույթի հանդեպ, հարգանքը օրինապահության, ուրիշների իրավունքների, այդ թվում՝ սեփականության իրավունքի հանդեպ», սակայն չհստակեցրեց սեփականության 50 տոկոսի՞, թե՞ 100 տոկոսի։

Ելույթի մի մեծ մաս նա նվիրեց տնտեսությանը։ Տնտեսությունը շարունակում է մնալ Սարգսյանի կառավարման ամենաթույլ կողմը, որովհետև այս ոլորտում նա զարգացում դեռ չի կարողացել արձանագրել։ Հայաստանի ՀՆԱ-ն դեռ չի հասել 2008թ. մակարդակին։ Ներդրումները նվազել են, աղքատությունն ու արտագաղթը աճել են։ Մի խոսքով, տնտեսական ցուցանիշներով Սարգսյանի կառավարությունը միայն հետընթաց է գրանցել։ Այդ իսկ պատճառով նա մի քանի կարճաժամկետ ցուցանիշներ է ընտրել իբր դրական տնտեսական պատկեր ստեղծելու համար։

Սարգսյանը նշեց, որ արտաքին ներդրումներ ներգրավելու համար հանձնարարել էր արտաքին գործերի նախարարությանը և բոլոր դիվանագիտական առաքելություններին նոր եռանդով լծվել Հայաստանի տնտեսական շահերն առաջ մղելու գործին։ Դեռ 2014թ. հունիսին Սարգսյանը դիվանագիտներին հորդորել էր զբաղվել արտաքին ներդրումներ բերելու գործով։ 2014թ. հայտարարությունից մեկ տարի առաջ և դրանից հետո մեկ տարվա ընթացքում ներդրումների ցուցանիշները անհանգստացնող են։

Փաստացի Հայաստանում 2013թ. հունիսից մինչև 2014թ. հունիսը ներդրումները եղել են մոտ 540 մլն դոլար, իսկ 2014թ. հունիսից՝ ելույթից հետո, մինչև 2015թ. ներդրումները իջել են մոտ 260 մլն դոլարի։ Հորդորից հետո մոտ 50 տոկոսով կրճատվել են ներդրումները։

Սարգսյանը հետընթաց է գրանցել նաև տնտեսական ազատությունների հարցերում։ Ըստ ամերիկյան «Հերիթիջ Ֆաունդեյշն»-ի (Heritage Foundation) ամենամյա զեկույցների՝ Հայաստանի տնտեսական ազատության ցուցանիշը աճել է մինչև Սերժ Սարգսյանի կառավարման շրջանը, որից հետո հետընթաց է սկսել գրանցել։ «Հերիթիջ Ֆաունդեյշն»-ը Հայաստանի տնտեսական ազատությունը 1996թ. գնահատել էր 42.2, 2008թ.՝ 69.9, իսկ Սարգսյանի 8 տարվա կառավարման ընթացքում այն իջել է 67.0-ի:

Երբ Սերժ Սարգսյանը խոսում է արդար ընտրությունների մասին, նույնն է, որ սերիական մարդասպանը ասի՝ մարդու կյանքը բարձրագույն արժեք է։

Սարգսյանը նաև հայտարարեց, որ Հայաստանը համաշխարհային տնտեսական համակարգի մաս է կազմում, ուստի չի կարող խուսափել համաշխարհային շուկայի ազդակներից: Փորձը ցույց է տալիս, որ, օրինակ, նավթի գների դեպքում Հայաստանի վրա չեն ազդում համաշխարհային շուկայի ազդակները։ Վերջին տարիներին նավթի համաշխարհային գինը քառակի նվազել է, սակայն Հայաստանում գրեթե չի նվազել բենզինի գինը։

Սարգսյանի ելույթի կուլմինացիան պնդումն էր այն մասին, որ իր համար շատ ավելի կարևոր են «ընտրությունների բնականոն ընթացքն ու օրինականությունը, քան դրանց արդյունքները»: Դա նույնն է, որ սերիական մարդասպանը ասի՝ մարդու կյանքը բարձրագույն արժեք է։ 2008, 2012, 2013 և 2015 թվականների ընտրություններին ականատես ցանկացած հայաստանցու համար նման հայտարարությունը զավեշտ է։

Մեկնաբանել