Գերմանիան կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունների ակտիվացմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Այս մասին ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
Պախաստանելով հարցին, թե որպես ԵԱՀԿ գործող նախագահ` ինչ է մտադիր անել Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում և Հարավային Կովկասում չլուծված հակամարտությունների համար լուծումներ գտնելու տեսանկյունից, Շտայնմայերն ասել է. «Անկեղծ ասած` ես չէի ցանկանա հաշտվել այն մտքի հետ, որ այդ հակամարտությունները ֆատալիզմի որոշ չափաբաժնով անվանվեին սառեցված. տարեցտարի դրանց հետևանքով տուժում են մարդիկ, համապատասխան տարածքներում արգելափակվում է զարգացումը: Մենք ծրագրում ենք փոքր, բայց և հստակ քայլերով կայունացնել հրադադարների ռեժիմները, ամրապնդել վստահությունը և տեղում թեթևացնել մարդկանց առօրյա կյանքը, օրինակ` տնտեսական կապերն ուժեղացնելու միջոցով»:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` Գերմանիայի արտգործնախարարը նշել է, որ մտահոգություն են առաջացնում զինված բախումները շփման գծի երկայնքով և Հայաստան-Ադրբեջան սահմանին:
«Գերմանիան կողմ է հանդես գալիս բանակցությունների ինտենսիվացմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Այստեղ կարևոր քայլ կլիներ հրադադարի խախտումների հանգամանքների բացահայտման մեխանիզմի ստեղծումը»,- ասել է նա: