Կառավարությունը նվազեցնում է խաղողի օղու արտադրության տուրքը

836116Կառավարությունը որոշել է խթանել խաղողի օղու արտադրությունը. ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, գործադիրրը փետրվարի 18-ի նիստին այս նպատակով հավանություն է տվել «Գործունեության իրականացման ծանուցման մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:

Ըստ հիմնավորման՝ գործող օրենսդրությամբ խաղողի օղիների արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սահմանված տարեկան տուրքի դրույքաչափը կազմում է 15 մլն դրամ: Այդ պատճառով Հայաստանում խաղողի օղի գրեթե չի արտադրվում: «Գինու առանձին տեսակների (աղանդերային, կիսաաղանդերային, խերեսային, պորտվեյն, մադերա և այլն) արտադրության տեխնոլոգիայով պահանջվում է դրանց ավելացնել բացառապես խաղողի օղի, մինչդեռ խաղողի օղու բացակայության պատճառով ավելացվում է ցորենի օղի, որն արգելված է ԵՄ և ՌԴ օրենսդրությամբ: Մյուս կողմից գինու արտադրությամբ զբաղվող տնտեսավրողները հնարավորություն չեն ունենում օղու արտադրության նպատակով թորելու գինու արտադրության համար ոչ պիտանի գինենյութը, վերամշակելու բավականին մեծ ծավալ (շուրջ 25 տոկոս) կազմող մնացորդները, ինչպես նաև իրականացնելու խաղողի մի շարք սորտերի մթերումներ, որոնք չեն մթերվում գինու և կոնյակի արտադրության նպատակով»,- ասված է հիմնավորման մեջ:

Օրինագծով առաջարկվում է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքով նախատեսված միայն պտուղներից և հատապտուղներից թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեության իրականացման ծանուցման շարքում լրացնել խաղողի օղու արտադրության գործունեության իրականացումը: Ինչպես նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով գանձվող տարեկան տուրքի դրույքաչափը հավասարեցնել պտուղներից և հատապտուղներից թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սահմանված տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափին:

«Փաթեթի ընդունումից ակնկալվում է, որ կբարելավվի և կակտիվանա ոլորտի գործարար միջավայրը, կսկսեն մթերել խաղողի մի շարք սորտեր, որոնք չեն մթերվում գինու և կոնյակի արտադրության նպատակով, կսկսվի նոր արտադրատեսակի՝ խաղողի օղու արտադրություն, որն ունի իրացման, հատկապես արտահանման ծավալային մեծ պոտենցիալ, կավելանան պետական բյուջեի մուտքերը, ինչպես նաև տնտեսվարողների եկամուտները, որոնք կուղղվեն արտադրության զարգացմանն ու ընդլայնմանը և այլն»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ:

Կարևորելով օրինագիծը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այս հարցն առաջացել է գործարարների հետ հանդիպումների արդյունքում: «Այն նաև կնպաստի խաղողի օղու արտադրության ծավալների մեծացմանը: Կան խաղողի այնպիսի տեսակներ, որոնք պիտանի չեն կոնյակ արտադրելու համար, և վերամշակող գործարանների կողմից դրանք չեն ընդունվում, ինչը մեծ խնդիր է հարուցում: Հիմա, եթե մենք տուրքը նվազեցնենք, ապա մեր կանխատեսումներով, մոտ 20 արտադրող ընկերություններ կավելանան, որոնք տարեկան կմուծեն ոչ թե 15 մլն տուրք, այլ 50 հազար դրամ: Դրանով նաև կլուծենք մեր խաղողագործների խնդիրները»,- ասել է նա:

Մեկնաբանել