Թուրքիան՝ բազմակողմանի աղետի առաջ. Washington Post

Էրդողանն արտաքին քաղաքականությունը տապալել է մեծամտության պատճառով. Հենրի Բարքի

Թուրքիան առարեսվել է ռազմավարական մղձավանջի. նրա քաղաքներում ռումբեր են պայթում, թշնամիները մոտեցել են սահմաններին, դաշնակիցներն էլ անտեսում են նրա պահանջները. Անկարայի արտաքին քաղաքական ուղեգծին այպիսի գնահատական է տվել ամերիկյան Washington Post պարբերականը:

Հոդվածագիրը նշում է, որ դեռ չորս տարի առաջ Թուրքիան թվում էր Արաբական գարնան ամենամեծ հաղթողը, «ծագող ուժ, որին որպես մոդել ողջունում էր Արևմուտքն ու գրկաբաց ընդունում էր տարածաշարջանը, որը փնտրում էր կառավարման նոր ձևեր և նոր առաջնորդներ»:

«Թուրքիայի վաղեմի և ամենամոտ հակառակորդը՝ Ռուսաստանը, ընդլայնում է իր ներկայությունը Թուրքիայի սահմանների շուրջ՝ դեպի հարավ Սիրիայում, դեպի հյուսիս Ղրիմում և Ուկրաինայում և դեպի արևելք Հայաստանում: Շաբաթ օրը [փետրվարի 20 – ՍիվիլՆեթ] Ռուսաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է Հայաստանի մայրաքաղաք Երևանից դուրս՝ Թուրքիայի սահմանից 25 մղոն հեռավորության վրա գտնվող ավիաբազան [«Էրեբունի» ավիացիոն ռազմակայան] արդիականացված կործանիչներով և ուղղաթիռներով համալրելու մասին», գրում է թերթը:

Թուրքիայի առաջ ծառացած մարտահրավերների թվում այնուհետև նշվում է քրդերի հետ խաղաղ գործընթացի խախտումը և երկրի հարավ-արևելքում քրդերի հետ բախումները, դեպրեսիայի մեջ հայտնված տնտեսությունը, Ռուսաստանի սահմանած տնտեսական պատժամիջոցները, որոնք հարվածել են թուրքական ապրանքներին և զբոսաշրջությանը:

«Թուրքիան կանգնած է բազմակողմանի աղետի առաջ,- պարբերականը մեջբերում է Անկարայի Իպեկի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Գյոքհան Բաջըքին:- Դա մի երկիր է, որն անցյալում հաճախ է ունեցել խնդիրներ, սակայն այսօր տեղի ունեցող դեպքերի մասշտաբը վեր է Թուրքիայի մարսողական կարողությունից»:

«Թուրքիան այժմ բացարձակապես մեկուսացված է»,- կարծում է Ստամբուլի Կադիր Հաս համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Սոլի Օզելը: Վերջինիս պնդմամբ՝ Թուրքիան «մի խճճված իրավիճակից ընկնում է մյուսի մեջ՝ հաճախ՝ սեփական մեղքով»:

«Նա այնքան է փչացրել հարաբերությունները բոլորի հետ, որ չի կարող որևէ մեկին համոզել որևէ բան անել,- ասել է Օզելը:- Թուրքիան երկիր է, որի խոսքերն այլևս կշիռ չունեն: Նա բլեֆ է անում, սակայն չի կատարում խոստումները, չի կարող պաշտպանել իր կենսական շահերը, նա վիճել է բոլորի, այդ թվում՝ դաշնակիցների հետ»:

«Մինչև վերջերս որպես տարածաշրջանային ուժ դիտված երկրի դեպքում այս փաստերն ինձ աղետալի են թվում»,- հավելել է պրոֆեսորը:

Մեկնաբանելով Թուրքիայի ղեկավարության՝ Սիրիա հնարավոր մուտքի մասին հայտարարությունները՝ Washington Post-ը կանխատեսում է, որ Անկարան այսպիսով կկանգնի Ռուսաստանի հետ հակամարտության մեջ մտնելու վտանգի առաջ, և ամենայն հավանականությամբ, կպարտվի: Թերթը մեջբերում է մասնագետների կարծիքը, որոնք վստահ են, որ Թուրքիայի ուղիղ միջամտությունը Սիրիայում քիչ հավանական է, առնվազն՝ ներկա փուլում: Բացի այդ, միջամտությանը հավանություն չի տալիս Թուրքիայի հանրությունը:

«Էրդողանը տապալել է իր արտաքին քաղաքականությունը մեծամտության պատճառով»,- կարծում է Վաշինգտոնում Վիլսոնի անվան գիտահետազոտական կենտրոնի՝ Թուրքիայի գծով փորձագետ Հենրի Բարքին: Նա կարծում է, որ «Էրդողանի գլխի մեջ մտել է միտքը, որ Թուրքիան աշխարհի սիրելին է»:

Պրոֆեսոր Բաջըքն էլ եզրակացնում է, որ «այս պահից սկսած՝ Թուրքիայի համար լավ սցենար չկա»:

Մեկնաբանել