Երևանի հետ մեր ռազմատեխնիկական համագործակցությունը թափանցիկ է. Մոսկվան՝ Բաքվին

Մոսկվայի ռազմատեխնիկական համագործակցությունը Երևանի հետ թափանցիկ է՝ միջազգային բոլոր պարտավորությունների պահպանմամբ. այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

«Մենք ադրբեջանական կողմին դիվանագիտական խողովակներով արդեն հասցրել ենք համապատասխան տեղեկատվությունը: Ռուսաստանը Հայաստանի հետ կապված է դաշնակցային հարաբերություններով, նրա հետ զարգացնում է այդ թվում ռազմատեխնիկական համագործակցություն: Կարծում ենք, որ դա հանրահայտ փաստ է: Բացի այդ, մենք այդ համագործակցությունը վարում ենք թափանցիկ՝ այն չթաքցնելով: Ընդ որում՝ ցանկացած սպառազինության մատակարարում ինչպես Հայաստանին, այնպես էլ բարեկամ Ադրբեջանին մեր կողմից իրականացվում է՝ մանրակրկիտ կերպով հաշվի առնելով տարածաշրջանում ուժերի հավասարակշռության անհրաժեշտությունը»,- «ՌԻԱ նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ փետրվարի 25-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ խոսնակի խոսքով՝ զենքի մատակարարման հարցերում Ռուսաստանը անվերապահորեն պահպանում է ստանձնած պարտավորություններն ու գործում արտահանման վերահսկողության ազգային համակարգի շրջանակում:

***

Փետրվարի 24-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նոտա էր հղել Ռուսաստանի արտգործնախարարությանը՝ Ռուսաստանից Հայաստանին 200 մլն դոլարի պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի կապակցությամբ: Ադրբեջանը հայտարարել էր, որ Հայաստանին սպառազինությունների և ռազմական տեխնիկայի մատակարարումը «չի նպաստում հակամարտության կարգավորմանը»:

Պաշտոնական Բաքուն Ռուսաստանի կողմից Հայաստանի զենքի վաճառքը որակել էր «երկակի չափանիշների դրսևորում» և հայտարարել, որ որոշ դեպքերում Ռուսաստանը Հայաստանի զենք-զինամթերք է վաճառում «չափազանց ցածր գներով»:

Մեկնաբանել