ՏՄՊՊՀ-ն «Կոկա-Կոլա»-ին տուգանեց 50 մլն դրամով

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությանը տուգանել է 50 մլն դրամով` գերիշխող դիրքի չարաշահման համար: Համապատասխան որոշումը ՏՄՊՊՀ-ն կայացրել է այսօրվա նիստին:

Ինչպես ասված է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ, «Կոկա-Կոլա»-ի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերության կողմից ներկայացված դիմում-բողոքի հիման վրա:

«Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր»-ը բողոքում հանձնաժողովին տեղեկացրել է, որ «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրի սննդի սպասարկման տարածքում գործունեություն իրականացնող 11 տնտեսվարողները հրաժարվում են ձեռք բերել և իրենց հաճախորդներին վաճառել «Պեպսի կոլա» ըմպելիքը: Մինչդեռ այդ բոլոր օբյեկտներում լայնորեն ներկայացված են «Կոկա-Կոլա» ընկերության ըմպելիքները:

Վարչական վարույթի շրջանակում ՏՄՊՊՀ-ն պահանջել է, որ վերոնշյալ տնտեսվարողները ներկայացնեն «Պեպսի կոլայի» իրացումից հրաժարվելու պատճառներն ու հիմնավորումները: Ըստ դրանց` տարածքը սահմանափակ է, և իրենք չեն կարող այլ ապրանք ևս իրացնել: Բացի այդ` տնտեսվարողները նշել են, որ սպառողների շրջանում առավել պահանջարկ ունի «Կոկա կոլան»:

Հանձնաժողովը համարել է, որ վերոնշյալ պատճառաբանություններն անհիմն են:

Վարչական վարույթի ընթացքում ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է տասնյակ այլ օբյեկտներ՝ պարզելու, թե որքանով է վերոնշյալ խնդիրը կրում համընդհանուր բնույթ: Պարզվել է, որ զեղչերի, ակցիաների կամ այլ շահավետ պայմանների միջոցով «Կոկա-Կոլա»-ն պարտադրում է, որ տասնյակ օբյեկտներ իրացնեն միայն իր արտադրանքը: Օրինակ` ընկերությունը իր ֆիրմային սառնարաններն անհատույց տրամադրում է տնտեսվարողներին և արգելում է, որ դրանցում թեկուզ շատ փոքր քանակով ներկայացված լինեն այլ ըմպելիքներ, հակառակ դեպքում զգուշացնում է, որ իրավասու է կիրառելու որոշակի խիստ միջոցներ:

Հանձնաժողովը պարզել է նաև, որ տասնյակ դեպքերում տնտեսվարողները «Կոկա-Կոլա»-ի տարբերանշանով պարագաները ցուցադրում են անվճար:

ՏՄՊՊՀ-ն նշում է, որ «Կոկա-Կոլա» ընկերությունը խիստ տարբերակված մոտեցում է ցուցաբերել նաև զեղչային քաղաքականության, ինչպես նաև ապրանքի դիմաց վճարման ստացման հարցում՝ տարբեր տնտեսվարողների հանդեպ կիրառելով տարբեր մոտեցումներ, ինչը, որպես գերիշխող տնտեսվարող իրավասու չէր անելու:

Հանձնաժողովը համարում է, որ նման վարքագծի պատճառով «Կոկա-Կոլայի» և մրցակից ընկերությունների միջև ստեղծվում են անհավասար մրցակցային պայմաններ, ինչն անթույլատրելի է:

ՏՄՊՊՀ-ն նախապատրաստել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ, ըստ որի` գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողները պարտավորված կլինեն իրենց կողմից տրամադրվող սառնարանների և ցուցապահարանների մինչև 20 տոկոսը տրամադրել մրցակից ընկերությունների ապրանքների ներկայացվածություն համար:

Հանձնաժողովն առաջիկայում ուսումնասիրելու է նաև «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերության գործունեությունը՝ պարզելու՝ արդյոք վերը նշված մրցակցային իրավախախտումները առկա չեն նաև այս ընկերության վարքագծում:

Մեկնաբանել