Ակտիվիստ Վարդգես Գասպարին ազատ կարձակվի. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը փետրվարի 26-ի դատական նիստին որոշել է նրա խափանման միջոց կալանավորումը փոխարինել չհեռանալու մասին ստորագրությամբ:
Վարդգես Գասպարին մեղադրվում է ոստիկանին վիրավորելու, դատական նիստերը խանգարելու և դատավորի հասցեին անվայելուչ արտահայտություններ անելու մեջ:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը նրան կալանավորելու որոշումը կայացրել էր փետրվարի 19-ին:
Գասպարիի փաստաբանները օրեր առաջ ահազանգել էին խցակիցների կողմից նրա նկատմամբ կիրառվող խոշտանգումների և վատ վերաբերմունքի մասին:
Նրա կինը` Անահիտ Այվազին, դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ միջանկյալ միջոցառումներ կիրառելու, մասնավորապես՝ ՀՀ կառավարությունից Գասպարիի անվտանգության և ապահովության համար բոլոր անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը պահանջելու խնդրանքով:
Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ երեկ ստորագրահավաք էին նախաձեռնել՝ կոչ անելով փոխել ակտիվիստի խափանման միջոց կալանավորումը:
Իր հերթին նորանշանակ օմբուդսմեն Արման Թաթոյանը, հիմք ընդունելով Վարդգես Գասպարիի՝ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին հայտնած տվյալները, դիմել է Հայաստանի գլխավոր դատախազին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վարույթ նախաձեռնելու առաջարկով: