Ինչու են պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստում. նախարարության պարզաբանումը

Vaccine

Հայաստանում 2-6 տարեկան երեխաների շրջանում այս օրերին կատարվում են պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումներ:

ՀՀ առողջապահության նախարարությունը ամփոփաթերթ է տարածել, որում պարզաբանում է, թե լրացուցիչ պատվաստումներն ինչու են կատարվում:

Նախարարությունը նշում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2012թ. մայիսին 66-րդ համաժողովում ընդունվել է «Պոլիոմիելիտի արմատական վերացման» 2013-2018 թթ. գլոբալ ռազմավարական ծրագիրը, որի համաձայն` նախատեսվում է մինչև 2020թ. ապահովել «Աշխարհն առանց պոլիոմիելիտի» կարգավիճակը:

Ծրագրի հիմնական ռազմավարական ուղղություններն են՝ բերանային եռավալենտ պոլիոմիելիտի պատվաստանութի փոխարինում երկվալենտով; մինչև 2018թ. պոլիոմիելիտի կենդանի պատվաստանյութի կիրառման աստիճանաբար դադարեցում՝ այն աստիճանաբար փոխարինելով պոլիոմիելիտի ինակտիվացված պատվաստանյութով; պատվաստումների ազգային օրացույցում առնվազն մեկ դեղաչափ պոլիոմիելիտի ինակտիվացված պատվաստանյութի ներդրում` մինչև 2016թ. վերջը:

«Կենդանի, թուլացված բերանային պոլիոմիելիտի պատվաստանյութ կիրառող երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, պոլիոմիելիտի եռավալենտ պատվաստանյութի փոխարինումը երկվալենտով նախատեսված է 2016թ. ապրիլի 1-15-ն ընկած ժամանակամիջոցում: Սակայն, մինչ պոլիոմիելիտի 2-րդ տիպ պարունակող պատվաստանյութի լրիվ դադարեցումը, անհրաժեշտ է ապահովել 2-րդ տիպի նկատմամբ լիարժեք պաշտպանություն 2-6 տարեկան երեխաների շրջանում լրացուցիչ մեկ դեղաչափ կենդանի թուլացված պատվաստանյութով, քանի որ նշված տարիքային խմբի համար 6 տարեկանում նախատեսված 2-րդ տիպի դեմ պլանային պատվաստումը դադարեցումից հետո բաց է մնում: Այս միջոցառումն իրականացվում է միայն պոլիոմիելիտի պատվաստումներում շարունակաբար ցածր ընդգրկվածության տարածքներում՝ լրացուցիչ հնարավորություն ընձեռելով այդ համայնքներում երեխաների շրջանում ամրապնդել կոլեկտիվ իմունիտետը պոլիոմիելիտի 2-րդ տիպի նկատմամբ»,- նշում է նախարարությունը:

Ինչու է պոլիոմիելիտի 2-րդ տիպով բերանային պատվաստանյութի օգտագործումը դադարեցվում

Պատճառն այն է, որ աշխարհում պոլիոմիելիտի 2-րդ տիպի վայրի պոլիովիրուսի շրջանառության վերջին դեպքը գրանցվել է 1999թ., իսկ պատվաստանյութի բաղադրության մեջ 2-րդ տիպի կիրառումը հնարավորություն է ստեղծում վիրուսի փոփոխության (մուտացիայի) և շրջանառության վերսկսման համար:

Ինչու պետք է պոլիոմիելիտի լրացուցիչ պատվաստում ստանան 2-6 տարեկան երեխաները

Քանի որ այդ տարիքային խումբն այլևս հնարավորություն չի ունենա 2-րդ շճատիպով պոլիոմիելիտի պատվաստում ստանալու: Նրանք իրենց հերթական պլանային պատվաստումներն ստանալու են երկվալենտ բերանային պատվաստանյութով: Այս միջոցառման հետ համատեղ մինչև 2016թ. վերջը Հայաստանի պատվաստումների ազգային օրացույցում ներդրվելու է պոլիոմիելիտի ինակտիվացված պատվաստանյութի առնվազն 1 դեղաչափ 6 ամսական երեխաների համար՝ 2-րդ տիպի վիրուսի ի հայտ գալու դեպքում վերջինիս դեմ պաշտպանություն ապահովեու նպատակով, քանի որ ինակտիվացված պատվաստանյութը պարունակում է բոլոր 3 տիպերը:

Առողջապահության նախարարությունը նշում է, որ լրացուցիչ պատվաստումները կատարվում են այն տարածքներում կամ համայնքներում, որտեղ պոլիոմիելիտի պատվաստումներում երեխաների ընդգրկման ցուցանիշները ցածր են նպատակայինից (95%): «Լրացուցիչ պատվաստումները կատարվում են կարճ ժամանակահատվածում և միամոմենտ՝ կոլեկտիվ պաշտպանություն ապահովելու նպատակով: Մյուս կողմից պատվաստումների արդյունավետությունը պայմանավորված է նաև անհատի իմունային համակարգի արձագանքման աստիճանով: Մեկ լրացուցիչ դեղաչափը միայն հրահրող ազդեցություն ունի և կամրապնդի իմունիտետը»,- նշում են նախարարությունում:

Պոլիոմիելիտը կայուն հաշմանդամություն առաջացնող անբուժելի հիվանդություն է: Այն կարող է կանխարգելվել միայն պատվաստումների միջոցով: Պոլիովիրուսն ախտահարում է նյարդային համակարգը` ժամերի ընթացքում առաջացնելով կաթվածահարություն:

Մեկնաբանել