Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին և նրա կողմնակիցները ստացել են Փորձագետների խորհրդի (Բանիմացների խորհուրդ)՝ Թեհրանից տեղերի գերակշիռ մասը, այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:
Առաջին տեղը զբաղեցրել է Խորհրդի՝ ընդունվող որոշումների նպատակահարմարության հարցերով նախագահ և Իրանի նախկին նախագահ այաթոլլահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին: Ցանկում երկրորդ տեղը զբաղեցրել է այաթոլլահ Էմամի Քաշանին, երրորդը՝ Հասան Ռոհանին:
Փորձագետների խորհրդի նոր՝ հինգերորդ կազմի մեջ մտնում են 88 խոշորագույն աստվածաբաններն ու շիական գիտակները: Այս կառույցի հիմնական գործառույթը Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ընտրությունն է: Վերջերս շատ է խոսվում, որ ներկայիս հոգևոր առաջնորդ 76-ամյա Ալի Խամենեին առողջական խնդիրոներով պայմանավորված՝ այլևս ի վիճակի չլինի կատարել իր լիազորությունները:
Միաժամանակ, Իրանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ներկա պահին երկրի խորհրդարանում՝ մեջլիսում, Թեհրանից 30 տեղի համար պայքարում հաղթում են բարեփոխականներն ու չափավորները, մինչդեռ մյուս շրջաններում առաջատար են պահպանողականները կամ իսլամական հեղափոխության խիստ սկզբունքների հետևորդները:
Բարեփոխումների կողմնակիցներն ու կենտրոնամետները, որոնք աջակցում են նախագահ Հասան Ռոհանիին, ձևավորել են Հույսի ցուցակ անունով դաշինքը, որի նպատակն է պետական երկու մարմիններում խիստ պահպանողականների քանակի կրճատումը:
Վերլուծաբաններն այս ընտրությունները գնահատել են որպես համազգային հանրաքվե երկրում սկսված բարեփոխումների հարցով:
Պահպանողականներն իրենց քարոզարշավը կառուցել էին նախագահ Հասան Ռոհանիի և բարեփոխականների հասցեին հնչող քննադատության վրա: Վերջիններս իրենց հերթին քարոզարշավի հիմքում դրել էին աջակցությունը կառավարությանն ու բարեփոխումներին: Նրանք, ի տարբերություն պահպանողականների, ամբողջությամբ հավանություն են տալիս կառավարության արտաքին քաղաքականությանն ու Թեհրան-Վեցնյակ միջուկային համաձայնագրին: