ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել են ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Գրիգոր Գրիգորյանը, Շիրակի մարզային վարչության պետ Գրիգոր Ամիրխանյանը, Կոտայքի մարզային վարչության պետ Սերոբ Հարությունյանը և Երևանի Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Ավետիք Աբրահամյանը: Այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից:
Հարցին, թե որն է նրանց աշխատանքից ազատման պատճառը, ոստիկանությունում պատասխանեցին. «Ոստիկանությունում մշտապես կադրային փոփոխություններ են լինում»:
Այսօր` ավելի վաղ, Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել էին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Երևանի Մաշտոցի բաժնի պետն ու ամբողջ աշխատակազմը: Ոստիկանությունում նշել էին, որ սա պետք է դիտարկել համակարգում մշտապես իրականացվող բարեփոխումների շրջանակում: