Աստծո ջրամբարը. Խոդա Աֆարին

KhoafarinԱվելի քան 15 տարի առաջ էր. Բաքվի մամուլը գրեց ադրբեջանա-իրանական հերթական սկանդալի մասին: Հեյդար Ալիևը կիսատ էր թողել Իրանի նախարարներից Բիժան Զանգանեհի հետ հանդիպումը և հեռացել այն բանից հետո, երբ հյուրը խոսք էր բացել Արաքս գետի վրա՝ Հորադիզի հատվածում, կիսատ մնացած հիդրոէլեկտրակայանի կառուցումը շարունակելու մասին:

Ալիևը զարմացած հարցնում է. «Ինչպե՞ս շարունակել, երբ գիտեք, որ այդ տարածքները հայերը գրավել են»:

Իրանցի նախարարը սառնասռտորեն պատասխանում է. «Կկառուցենք հայերի հետ»:

Այդպես էլ եղավ: Չնայած պաշտոնական Բաքվի բողոքի նոտաներին, Իրանը ավարտին հասցրեց Արաքս գետի վրա ամբարտակի կառուցումը, որի շինարարությունը սկսվել էր 1988-ին: Այն ժամանակ շինարարության պայմանագիր էր կնքվել ԽՍՀՄ-ի և Իրանի միջև: Շինարարության ընթացքում փլուզվեց մոլորակի ամենամեծ պետությունը: Տրամաբանորեն, Խոդա Աֆարինի ջրամբարի շինարարությունը պետք է ավարտին հասցնեին Ադրբեջանն ու Իրանը, սակայն ոչ թե տրամաբանությունը աշխատեց, այլ հայկական ուժը:

1993-1994 թթ. հայկական զորքերը դուրս եկան Արաքսի ափ և տերը դարձան նաև միջնադարյան պատմական այն կամրջի՝ Խոդա Աֆարինի՝ պարսկերենից թարգմանաբար՝ Աստծո տված, որը դարեր միմյանց կապել էր Արցախի մելիքներին ու Իրանի շահերին:

90-ական թթ. վերջերից մեր աչքի առաջ ընթանում էր կամրջի մոտ գտնվող ջրամբարի շինարարությունը, բայց մենք՝ լրագրողներս, այդ մասին չէինք գրում հասկանալի պատճառներով:

Ջրամբարը կառուցվեց, կառուցեցին իրանցիները՝ Արաքսի ձախ ափին կատարելով հսկայական աշխատանքներ, այդ թվում՝ ճանապարհաշինական: Մի քանի հայկական գյուղեր մնացին ջրի տակ: Տեղանքն այնպիսին է, որ ջրամբարը հիմնականում հայկական՝ արցախյան տարածքի վրա է, իսկ ջրապատնեշը և հիդրոէլեկտրակայանը՝ իրանական հատվածում:

Հեռվից, բավական հեռվից, երևում է ջրային այն ավազանը, որ գոյություն չուներ 90-ականների կեսերին:

Ջրամբարը և հիդրոէլեկտրակայանը կառուցվում էր լրատվության գրեթե բացակայության պայմաններում: Այսօր էլ, մենք չգիտենք, արդեն գործո՞ւմ է այն, էլեկտրաէներգիա արտադրվո՞ւմ է: Եթե՝ այո, ապա միայն իրանական կո՞ղմն է օգտվում դրանից:

Մեզ հայտնի է նաև, որ Արցախի և Իրանի միջև ստորագրվել է համապատասխան համաձայնագիր:

Հիմա կհարցնեք՝ ինչո՞ւ ենք այս մասին այսօր գրում: Շատ պարզ պատճառով: Ռուսական «ՌուսԳիդրո» ընկերության LiveJournal-ի էջում հրապարակվել է հոդված՝ Худаферинская ГЭС: Секретная плотина на Араксе վերնագրով, ներկայացվաշ են նաև լուսանկարներ:

Իրանը այն պետություններից է, որ պաշտոնապես պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Ղարաբաղը համարում է Ադրբեջանի մաս:

Մյուս կողմից, սակայն, Իրանը այն քիչ, գուցե եզակի պետությունն է, որ Արցախի հետ համատեղ ծրագիր է իրականցրել, ընդ որում՝ խոշոր ծրագիր, նախկին ԼՂԻՄ սահմաններից դուրս՝ վարչականորեն Խորհրդային Ադրբեջանի մաս համարված տարածքներում:

Մեկնաբանել